Մեր օրաթերթի նախորդ համարում հանգամանորեն անդրադարձել էինք Տերյան, Կողբացի, Պուշկին եւ Արամի փողոցներով պարփակված բակում հերթական բնակելի շենքը կառուցելու մտադրությունների հետ կապված իրավիճակին: Ներկայացրել էինք այդ նոր շինարարությանը կտրականապես դեմ արտահայտվող Տերյան 3, 3ա եւ մերձակա այլ բնակելի շենքերի բնակիչների բողոքները, մոտեցումներն ու պահանջները:
Որեւէ նորմալ երկրում ի՞նչ կարելի էր ակնկալել նման հրապարակումից հետո: Առնվազն կարելի էր ակնկալել, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները, եթե ոչ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կամ իր ոչ քիչ տեղակալներից որեւէ մեկը, ակտիվորեն կարձագանքեն ահազանգին:
Այսինքն՝ կարելի էր ակնկալել, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները, եթե ոչ անձամբ քաղաքապետը, կգան «դեպքի վայր», ինչպես ասվում է՝ կփորձեն տեղում ծանոթանալ վիճակին ու պարզել, թե ինչն ինչոց է, որ կհանդիպեն բնակիչների հետ, կլսեն նրանց բողոքներն ու պահանջները, կփորձեն հասկանալ, բացատրել կամ պարզաբանել, թե ինչո՞ւ են առանց այդ էլ գերխիտ կառուցապատված տարածքում, իրար կիպ կպած բնակելի շենքերի արանքում մի հատ էլ բնակելի շենք «ռաժոկով խցկելու» որոշում կայացրել:
Ի՞նչ ենք տեսնում, ինչպիսի՞ վարքի ականատես եղանք գործնականում: Քաղաքային իշխանությունը քար լռություն է պահպանում եւ քար շարժունակություն, պարզ ասած՝ ոչ միայն տեղից չի շարժվում, այլեւ հոնքը չի շարժում: Երեւի ամռան տապն է նրանց վրա այդպիսի կաթվածահարող ազդեցություն գործել:Եվ քաղաքային իշխանության նման կրավորական պահվածքը, շատ հնարավոր է, ոգեւորել է կառուցապատողին: Եվ Տերյան 1/1 ու Տերյան 2 հասցեներում եղած ձայնագրման ստուդիայի եւ կենտրոնի շինությունները քանդած-ապամոնտաժած ու դրանց տեղում նոր ու բնակելի շենք կառուցելու ծրագիր ունեցողները երեկ փորձել են մտնել կառուցապատման տարածք, որի մուտքը բնակիչներն իրենց ավտոմեքենաներով փակել էին: Կառուցապատողը, քաղաքային իշխանության «քար կտրած» վիճակից թեւավորված, երեկ մեկ այլ կողմից մուտք է գործել շինհրապարակ եւ փորձել է շինաշխատանքներ իրականացնել: Սա, կներեք, արդեն լկտիություն է: Սակայն բնակիչները, որ, ինչպես արդեն նշել ենք, վճռականորեն են տրամադրված իրենց ու իրենց երեխաների՝ բակ ունենալու իրավունքը պաշտպանելու հարցում, այնուամենայնիվ, կարողացել են կառուցապատողի աշխատակիցներին դուրս հանել խնդրահարույց տարածքից:
Անչափ կարեւոր հանգամանք։ Ինչպես նախօրեին որպես շինարարություն իրականացնող ներկայացած «Հիդրոէներգաշին» ՓԲԸ տնօրեն Վահան Վարդանյանն էր նշել, իրենք միայն քանդման թույլտվությունն ունեն, իսկ շինթույլտվությունը քաղաքապետարանից դեռ չեն ստացել: Սակայն խնդրահարույց տարածքում արդեն իսկ սկսվել են նոր շենքի հիմքի փոսը փորելու աշխատանքները:
Հետաքրքիր է, թե առանց շինթույլտվություն ունենալու ինչպե՞ս կամ ի՞նչ օրինական հիմքով են կատարվում այդ փորման աշխատանքները: Ու, առհասարակ, քանդման թույլտվություն կամ շինթույլտվություն տվող մարմինը չպե՞տք է վերահսկի իրականացվող աշխատանքները: Պե՛տք է: Իսկ վերահսկո՞ւմ է...
Լավ, էլ ի՞նչ հարցեր է առաջ բերում այս պատմությունը:
Ամենից առաջ հարց է ծագում. ինչո՞ւ քաղաքային իշխանությունից որեւէ մեկն այդպես էլ չարձագանքեց մարդկանց բողոքներին: Երեւանի ավագանուց ինչո՞ւ այդպես էլ որեւէ մեկը, թեկուզ ընդդիմադիր խմբակցություններից, այդպես էլ չեկավ տեսնի, թե ինչ է կատարվում: Ինչո՞ւ է ընդհանրապես արհամարհվում մարդկանց բողոքը, բարձրացրած խնդիրը, որ առնչվում է հարյուրավոր քաղաքացիների շահերին եւ իրավունքներին:
Չէ՞ որ քաղաքային իշխանության այդ բոլոր ներկայացուցիչները ընդամենը մեկուկես ամիս առաջ հավաստիացնում էին, թե իրենց կյանքի եւ գործունեության միակ նպատակը երեւանցիների շահերը պաշտպանելն է: Իսկ Տերյան 3 եւ 3ա ու նաեւ շրջակա մյուս շենքերում ոչ թե Երեւանի, այլ Սինգապուրի բնակիչնե՞րն են ապրում...
Բայց շարունակենք: Ի վերջո, ի՞նչ էին ասում բնակիչները կառուցապատողին: Ասում էին՝ ո՞ւր է ձեր շինթույլտվությունը, ո՞ւր է ձեր նախագիծը, ի՞նչ եք առհասարակ այստեղ կառուցելու, եւ այդպես շարունակ:
Իսկապես, ո՞ւր է շինթույլտվությունը: Եվ իրավունք ունի՞ որեւէ կառուցապատող, առանց այդ թույլտվությունն ունենալու, սկսել շինարարական աշխատանքներ, ինչպես ասվեց՝ հիմքի փոսը փորել: Ըստ որում՝ սահմանված կարգով պահանջվող տեղեկատվական ցուցանակն այդպես էլ չտեղադրվեց: Կառուցապատողն ասում էր, թե ապամոնտաժված շենքի պատին այն եղել է, բայց քանդելուց հետո հանվել է:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչն էր խանգարում, որ ցուցանակը պարզապես հենեին մոտակա ենթակայանի պատին, ու այդպես մնար, որ հիմա գոնե դրա վերաբերյալ հարցեր չծագեին:
Ամենակարեւորը, սակայն, քաղաքային իշխանության պահվածքի հարցն է: Քանզի ստացվում է, որ մայրաքաղաքի հենց կենտրոնում շենք է ապամոնտաժվում, խիտ կառուցապատված տարածքում, բակային գոտում մի հայտ էլ շենք է նախատեսվում «տնկել», հարյուրավոր բնակիչների բնական իրավունքների ոտնահարման լուրջ խնդիր է ծագում, մարդիկ բողոքում են, բայց ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում: Ոչ մեկին:
Եվ ուրիշ ինչպե՞ս հասկանալ ձեր անարձագանք պահվածքը, պարոնայք, եթե ոչ արհամարհանքի դրսեւորում: