Նա հոգնած էր ու երկար հացադուլից հետո հյուծված, իսկ նրա արտաքինն այնքան համեստ էր, որ եթե հասարակական գործիչ չլիներ, Գյումրու շուկայի «Լաչինի միջանցք»- ի վաճառողներից չէիր տարբերի: Երբ մեր հայացքները հանդիպեցին իրար՝ «Բարև»-ի համար, նրա աչքերում մի ամբողջ ուղերձ կարդացի: Անկեղծ, այդ հայացքում այնքան անկեղծություն կար և միևնույն ժամանակ օգնության աղերս: Թեև այս ամենի մասին իմ կարծիքն ունեի ու կասկածանքով էի նայում, բայց այսօր հավատացի, որ նա այս ամենն անում է մի տեսակ մանկական անկեղծ հավատքով: Բարևեցինք իրար, ու կարծես նրա բարևում հնչեցին «միացիր ինձ» խոսքերը, նա չարտաբերեց դրանք, բայց նրա աչքերն ասացին: Ինքս ինձ հարց տվի. «Ո՞ւմ համար է այս ամենը նա անում, ի՞մ, քո՞, թե՞ ում: Մեր ճանապարհը մի պահ համընկավ, և քայլում էինք գրեթե կողք քողքի, մարդիկ վանկարկում էին նրա անունը, մոտենում, բարևում, քաջալերում, բայց կողքից նայելիս ցավ էի ապրում, նա այս ու այն կողմ էր ընկնում՝ ինքնաբուխ ընտրելով իր ճանապարհն ու օրորվում հոգնածությունից: Մի պահ աչքիս առջև բռնցքամարտի ռինգը եկավ, այո, նա նման է բռնցքամարտիկի, ում հակառակորդը ավելի ուժեղ և դիմացկուն, և ով իր առջև խնդիր է դրել հոգնեցնելու իր ախոյանին՝ նրան ռինգի այս կամ այն անկյունը վազեցնելով: Շուտով, իսկապես կհնչի գոնգը, և մենամարտը կավարտվի: Այո, Րաֆֆին հոգով ուժեղ է, բայց առանց ռեսուրսների և քաղաքական լուրջ աջակցության պարզապես կհայտնվի նոկդանունում: Ինչը և պատահեց իր նախորդներին:
Նյութի աղբյուր՝ http://mamikonhambaryan.blogspot.com/2013/04/blog-post_2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել