Այն, որ մայրաքաղաքի տրանսպորտային բազան թարմացվում է` «գազելները» ավտոբուսներով փոխարինելով, դա միանգամայն ողջունելի է, սակայն մի մեծ խնդիր է առաջանում: Այն ժամանակ, երբ բոլոր երթուղիները գազելապատված էին, կանգառներում առաջանում էին իրավիճակային մինի խցանումներ, կամ վթարային իրավիճակներ էին ստեղծում խաչմերուկներում, քանի որ բոլոր գազելները կանգառը կատարում էին խաչմերուկին կիպ հատվածում: Հետո ոնց որ թե կարգավորվեց այդ միտումը, երբ կանգառներում կանգառելու համար Ոստիկանությունը սկսեց գործունեություն ծավալել, քաղաքապետարանը կանգառները բարեկարգելու ու նշագծումները ռեզինե հարմարանքներով առանձնացնելու գործողություններ կատարեց: Սակայն գազելային խցանումները կանգառներում այդպես էլ չկարգավորվեցին, քանի որ գազելներին միացան ավտոբուսները: 
Այսօր արդեն գազելներին փոխարինելու եկած ավտոբուսները գազելներից շատ ու շատ առավել են իրենց և´ հարմարավետությամբ, և´ չափսերով, գազել վարող անձնակազմը այսօր ավտոբուս է վարում, կանգառներում արդեն ավտոբուսներն են իրար ազդանշանում: Այսինքն՝ նորից նույն պատկերն է, պարզապես ավելի մեծ չափսերով ու ընդգրկվածությամբ: Փաստորեն փոփոխությունը նկատելի է ձևով, բայց ոչ բովանդակությամբ: 
Այս խնդրի լուծման միակ ելքը ժամային չվերթով երթուղու ներառումն է: Կարծում եմ՝ դա էլ կլինի շուտով՝ հաշվի առնելով, որ արդեն էլեկտրոնային վահանակների միջոցով ժամերը տեղեկացնելու փորձ քաղաքապետարանը սկսել է կիրառել: Ինչևէ, հուսանք ու սպասենք ցանկալի փոփոխություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել