Առհասարակ, քամահրանքով վերաբերվելը պետական պաշտոնյանի ասածներին ու հատկապես ղեկավար կազմին դարձել է սովորական երևույթ Հայաստանի հանրության շրջանում, ինչը միգուցե որոշ չափով հասկանալի է, սակայն ամենևին հիմնավորված չէ։ Հարցն այն է, որ անկախ ամենից՝ ինչ կհնչի պետական այրերի շուրթերից, մարդիկ դրանց ի սկզբանե կանխակալ վերաբերմուքն ունեն։ Ոմանք պարզապես հիասթափված են, ոմանք գործի են դնում դավադրության տեսությունը, իսկ երրորդ խումբը ամենավտանգավորն է ու չարորակ ուռուցք է յուրաքանչյուր հասարակության համար։ Դա տգետների բազմությունն է։ Եվ պետությունը, ղեկավարությունը չի կարող սրանց հետ հաշվի չնստել, որովհետև նրանք այսօր մեծամասնություն են։ Նրանք ունակ են մխտռելու թե՛ ամենակենսունակ գաղափարը, թե՛ այն նվազ դրականը, որ մնացել է մեր երկրում։
Հիմա, օրինակ, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստում հայտարարել էր, որ լավ կլինի, որ սեղանների շուրջ ասվող կենացների ժամանակ զինվորների համար կենաց ասելու փոխարեն այդ պահին մարդիկ 1028 համարին կարճ հաղորդագրություն ուղարկեին 1000 դրամ, կամավոր սկզբունքով, որը կփոխանցվեր բանակի ընդհանուր ֆոնդին։ Այս հայտարարությունն, ի տարբերություն 100 դրամների, պարտավորվածություն չի ենթադրում իրենից, այլ կամավոր սկզբունք։ Այլ կերպ ասած՝ այ մարդ, չեք ուզում, մի տվեք, բայց ի՞նչ կարիք կա մարդուն ցեխը մտցնելու ու անուն կպցնելու։ Հիմա ինչ-որ տեղից պետք է, չէ՞, սկսել այդ բարեփոխումները, բարեփոխումն էլ ինքն իրենով ցավոտ պրոցես է։ Նախարարը մի տեղից սկսում է, ուրեմն՝ պիտի օգնել կամ չօգնել, այլ մեկնաբանություններ անելը այստեղ անիմաստ գործ է։ Ի վերջո, զինծառայողների ու նրանց հարազատների համար գումարների հատկացման հիմնադրամն արդեն մոտավորապես 2 միլիարդ դրամ է հավաքել, ու այդ գումարները հստակ բաշխմամբ տրվում են մարտական գործողություններին մասնակցած զինվորների ընտանիքներին։ Դրա վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է ստուգել կայքում, որը բաց է, ցույց է տրվում հստակ գումարների բաշխումը։ Հիմա եղել է առաջարկ, այդ առաջարկի վերաբերյալ կանխակալությունը մարդկանց մոտ երբեմն սպանում է նույնիսկ ամենավառ երևակայությունը։ Այդպես չի կարելի, ընկերներ, այս գործելաոճով մենք միգուցե մի քանի տարի հետո վերջնականապես խաչ քաշենք առողջ հասարակություն ունենալու հույսերի վրա։ Սրան գումարած՝ կրակի վրա յուղ է լցնում մամուլը, որի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում իրենց մասով իրականությունը աղավաղելու։ Օրինակ՝ տեղեկատվություն տարածվեց, որ վերոնշյալ հիմնադրամում 2 միլիարդի փոխարեն 8 միլիոն դրամ կա։ Իհարկե, ցանկության դեպքում քաղաքացին կարող է այցելել կայք ու իրական թվերը ստուգել, բայց համաձայնեք՝ ամեն մեկը չէ, որ իրեն կստիպի անել դա, ու արդյունքում լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության հիման վրա կարծիք են ձևավորում։