Բազմիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների պատմության մասին: Դրանք մեր պետականության ամենախնդրահարույց կետերից են: Պատճառները միանգամայն պարզ են: Ռուսաստանը, ինչպես վերջին 2-3 հարյուր տարիներին, այնպես էլ այսօր Հայաստանին դիտում է որպես իր տիրույթ: Դրան գումարած՝ վերջին 300 տարվա ընթացքում հայկական քաղաքական էլիտայի միտքը, չնչին բացառությունները չհաշված, շարունակում է թափառել ռուսական ուղեծրում:
Պատահական չէ, որ 2014թ. ԱԺ-ում ԵԱՏՄ մուտք գործելու քվեարկության ժամանակ իշխանության՝ այդ ժամանակվա կարկառուն քրեական հեղինակություններից մեկը նշեց, որ «մենք սովոր ենք մեր գլխին միշտ մեկը լինի, ավելի լավ է ռուսը լինի»: Թե ինչպիսի սարսափելի հետևանքների է հանգեցրել մեր քաղաքական մտքի պրոռուսականությունը, բազմիցս թվարկվել է:
Հայերի պրոռուսական ուղղվածության ամենաողբերգական հետևանքները հայկական ջարդերն էին: Ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, պետք է նշել, որ պատմության մեջ ռուսները երբևիցե չեն առաջնորդվել հայերին օգնելու կամ պաշտպանելու մտայնությամբ: Կարող ենք մի փոքր խոսել 18-րդ դարի հայկական ազատագրական գործընթացների և այդ շրջանում հայերի հանդեպ իրականացվող ռուսական քաղաքականության վերաբերյալ:
Դեռևս 1700-ականների սկզբներին Հայաստանը շարունակում էր գտնվել թուրք-պարսկական լծի տակ: Արևելյան տիրույթները Պարսկաստանինն էին, իսկ արևմտյան մասը՝ Թուրքիայինը: Այնուամենայնիվ, չնայած դրան, Սյունիքում և Արցախում կային հայկական մելիքություններ, որոնք զգալի ռազմական ներուժ ունեին: Տարբեր տվյալներով՝ մելիքությունների ռազմական ներուժի թիվը տատանվում էր 40-100 հազար մարդ: Այդ ժամանակաշրջանում հայաստանյան քաղաքական մտքում սկիզբ առավ պրոռուսական կործանարար ուղղվածությունը: Իսրայել Օրին գրեթե 20 տարի դեգերելով Եվրոպայում հայոց ազատագրման հույսը սկսեց կապել ռուսների հետ: Այդ շրջանում նաև հայերի հասարակական կյանքում զգալի դեր ունեցող եկեղեցին մի միֆ շրջանառության մեջ դրեց, ըստ որի՝ դեռևս 5-րդ դարում Ներսես Մեծը երազ է տեսել, որտեղ ասվում է, որ հյուսիսից մեծ ցեղը գալու և փրկելու է մեզ:
Փաստացի, հայ եկեղեցին պրոռուսականության ամենաակտիվ ջատագովներից էր: Ճակատագրի հեգնանքով նույն ռուսները 1804-13թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ երկու անգամ թալանեցին Էջմիածնի վանքը: Այդ ժամանակվա ամենայն հայոց կաթողիկոսը գրում էր. «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմոք առ բերեր ի սիրտս»։ Ինչևիցե, վերադառնանք Հայաստանի ազատագրման հարցին և ռուսների ունեցած դիրքորոշմանը: Ի տարբերություն եվրոպացիների՝ ռուսները գործնական հետաքրքրություններ ունեին տարածաշրջանի հանդեպ: Պատահական չէ, որ 1703թ. Պետրոս Մեծը բավականին ջերմ ընդունելություն կազմակերպեց Օրու համար: Պետրոս Մեծը կեղծ խոստումներ էր տալիս հայերին: Բնականաբար, ռուսները որևէ կերպ տրամադրված չէին օգնել հայերին և իրենց սեփական շահերն էին հետապնդում: Պատմությունը հետագայում ցույց տվեց, որ տարածաշրջանի ժողովուրդներին՝ հայերին և վրացիներին, օգնելը ռուսների ծրագրերի մեջ չէր մտնում: Այսպես, 1722 թվականին, երբ ավարտվել էր Շվեդիայի հետ «Հյուսիսային պատերազմը», Պետրոս Մեծը ձեռնամուխ եղավ իր «Կասպիական արշավանքի» իրականացմանը: Մինչ այդ նա իր մտադրությունների մասին տեղյակ էր պահել վրաց թագավոր Վախթանգ 6-րդին և առաջարկել հայերին և վրացիներին միանալ իրենց: Իրականում, ռուսները բնավ նպատակ չունեին օգնել տեղական ժողովուրդներին ազատություն ձեռք բերել: Ռուսների նպատակը մերձկասպյան շրջաններին տիրանալն էր, որպեսզի ավելի անվտանգ դառնար դեպի Հնդկաստան տանող առևտրային ուղին: Ավելին, Պետրոս Մեծը Կոստանդնապոլսում ռուս դեսպան Նեպլյուևին ուղղված նամակում նշում է, որ Նեպլյուևը պետք է հանգստացնի Բ. Դռանը, քանի որ ռուսական զորքերը հայերի և վրացիների սահմաններին չեն պատրաստվում մոտենալ: «Մեր զորքերը Վրաստանով և Հայաստանով անցնող Թուրքիայի սահմաններին չեն մոտենա և միայն Կասպից ծովի առափնյա շրջանները կմտնեն, որի մասին քեզ հանձնարարում ենք Բարձր Դռանը հավաստիացնել»: Այդպես էլ եղավ: Երբ ռուսներն արշավանքի ժամանակ գրավեցին Դերբենդը, հետագայում արշավանքը չեղարկվեց: Հարկ է նշել, որ հայ-վրացական ուժերը 1722թ. սեպտեմբերին հանդիպելով Չոլակ կոչվող վայրում երկար ժամանակ սպասում էին ռուսների ժամանմանը: Փաստորեն, ռուսները կեղծ խոստումներով ոտքի հանեցին հայերին և վրացիներին:
Այս ամենի դառը հետևանքները երկար սպասեցնել չտվեցին: Արդեն 1723թ. թուրքական կողմը մի քանի հարձակումներ կազմակերպեց: 1723 թ. ամռանը թուրքերը մտան Վրաստան: Թբիլիսին գրավելուց հետո 1723թ. հոկտեմբերին թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ շարժվեցին դեպի Գանձակ: Թուրքական զորքերը պարտություն կրեցին և նահանջեցին` Գանձակի պատերի տակ թողնելով հազարավոր սպանվածների: Այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր դառնում ռուս-թուրքական նախանշվող դաշինքը, որը կործանարար ազդեցություն պետք է ունենար հայկական մելիքությունների վրա: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները հայերի հետ շփումներում նշում էին, որ հայերը ռուսներին բերել են տարածաշրջան և դրա համար թանկ են վճարելու: «Ձեր կաթողիկոսն ըռուստին հետ միավորվել այ և ըռուստըն բերել այ Ղզլբաշի երկիրն` որ գոնե մեզ վերայ»: 1723թ.-ի սեպտեմբերի 12-ին Պետերբուրգում ռուսները հաշտություն կնքեցին պարսիկների հետ` պարտավորվելով իր կողմից նվաճված տարածքների դիմաց աջակցել Իրանի շահին երկրում ծագած հայկական և այլ ապստամբությունները ճնշելու համար: Դրանից հետո արդեն 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնապոլսում դեսպան Նեպլյուևի և Իբրահիմ փաշայի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն՝ տարածաշրջանում կատարվեց ազդեցության գոտիների բաժանում: Ռուսաստանին անցան Դերբենդը, Կասպից ծովի առափնյա շրջանները: Թուրքերին անցավ Կովկասի մնացած մասը, ինչպես նաև Պարսկաստանի կովկասյան տիրույթները, Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Կապանի մարզերը, ինչպես նաև նրանց տիրապետությունը Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս և Թավրիզ-Քերմանշահ գծից դեպի արևմուտք ընկած իրանական հողերի վրա: Պայմանագրով թուրքական կողմը հնարավորություն ստացավ հարձակման անցնել տարածաշրջանում: Հարվածի տակ հայտնվեցին Արցախի և Սյունիքի մելիքությունները: Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրով չէր կարելի միջամտել կողմերի գրաված երկրամասերի գործերին, ուստի՝ ռուսական արքունիքը պարբերաբար խուսափողական պատասխաններ էր տալիս օգնություն խնդրող հայերի նամակներին:
Ընդհանուր առմամբ, հայկական մելիքությունները գրեթե մի քանի տարի կարողացան հերոսաբար կռվել և կասեցնել թուրքական հարձակումը: Այնուամենայնիվ, նրանք կորցնելով իրենց նախկին հզորությունը հետագայում անհետացան պատմության ասպարեզից:
Այսպիսով, 1724թ. ռուս-թուրքական պայմանագրի անմիջական հետևանքներից մեկը հայկական մելիքությունների վերացումն էր: Ռուսական քաղաքականությունը հայերի հանդեպ ընդգծելու համար ընդամենը պետք է հիշել Ռուսական գերագույն խորհրդի՝ 1724թ. ռուս-թուրքական պայմանագրի կնքման հետևանքով հայկական տարածքների վրա իրականացված թուրքական հարձակման և «հայերին օգնելու» վերաբերյալ 1727թ. օգոստոսի 15-ի հրամանն ուղղված Մերձկասպյան զորքերի հրամանատար գեներալ Դոլգորուկովին. «Դուք պետք է ի կատարումն մեր նախկին հրամանագրերի այնտեղ, որքանով հնարավոր է, մեր զորքերից հավաքեք և մտցնեք Պարսկաստան, որպեսզի դրանով այնտեղ գործողությունների տեսք տաք և հայերին ոգեշնչեք մեր հանդեպ եղած հույսով… Ելնելով իրավիճակից, ինչ որ մեզ օգտակար է և համապատասխանում է մեր շահերին` լավագույն ձևով արեք… Եվ ներկայումս հայերին անհրաժեշտ է ամեն կերպ ամրացնել, որպեսզի նրանք թուրքերի դեմ ամուր կանգնեն և չենթարկվեն, նրանց հույս ներշնչող տեսարաններ սարքեք ցույց տալով թուրքերի թուլությունը, և որ շուտով կարող է առիթ ներկայանալ մեր կողմից ուժեղ օգնություն ստանալու և համատեղ գործելու համար… մենք նման հուսադրումով հայերին, որոնց դուք այստեղ էիք ուղարկել, հետ կուղարկենք ձեր մոտ, իսկ դուք էլ նրանց ուղարկեք իրենց հայրենակիցների մոտ»:
Պատմությունը հետագայում ցույց տվեց, որ ռուսներն իրենց այդ կեղծ խոստումներով բազմիցս կարողացան մոլորեցնել հայերին: Հայերն էլ իրենց հերթին ռուս-թուրքական պատերազմների ընթացքում օգնում էին ռուսներին, սակայն երբ ռուսները հեռանում էին իրենց գրաված տարածքներից և թողնում հայերին բախտի քմահաճույքին, այդ ժամանակ հայերը մնում էին միայնակ թուրքական սրի առջև:
Այս համատեքստում դիպուկ է գրում Լեոն. «Բազմատանջ, ստրկության և բնաջնջման մատնված աշխատավոր ժողովուրդը բնազդորեն, տարերային մղումով փրկություն էր որոնում ռուսական արշավանքի մեջ, դիմավորում էր ռուս զինվորին իբրև իր ազատարարի: Բայց այս վերաբերմունքի համար նա պատժվում էր սաստկապես: Նրա դրությունն ավելի ևս վատթարանում էր, երբ ռուսական զորքերը թողնում էին իրենց գրաված տեղերը, և հայերը ռուսներին աղ ու հացով, խաչով-խաչվառով ընդունելուց հետո նորից մնում էին երես առ երես իրենց տերերի՝ օսմանցիների հետ: Պատերազմները բերում էին թուրքահայերին կոտորած, գաղթականություն»:
Դավիթ Ֆիդանյան