«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը» (Caspian Defense Studies Institute - CDSI) ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել, որոնք ձեռք են բերել ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում։
Այսպիսով ՝ 2017թ 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 38 զինծառայող, որից 7 սպա, 1 ենթասպա,17 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայողներ։ Նրանցից 33-ը պաշտպանության նախարարության, 4-ը՝ պետական սահմանապահ ծառայության և 1-ը ներքին զորքերի զինցառայողներ են։
16 զինծառայողներ ոչնչացվել են հայկական զինված ուժերի կողմից, 3-ը՝ մահացել են հիվանդության պատճառով, 4-ը՝ ինքնասպան են եղել, 2-ը՝ զոհվել են դժբախտ պատահարի հետևանքով (1-ը մնացել է տանկի տակ, իսկ մյուսը ձնակույտի տակ), 7-ը սպանվել են անհայտ հանգամանքներում,3-ը սպանվել է համածառայակցի կողմից, 3-ը՝ ՃՏՊ հետևանքով։
Ինստիտուտի տվյալներով, այսպես կոչված «Հայկական լրտեսների» գործով սպանվել են 4 զինծառայող, մինչդեռ սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում 8 զինծառայողի մահվան փաստ է հաստատվել։
Չնայած նրան, որ ինստիտուտի թվերը հիմնականում վերցվել են բաց աղբյուրներից (սոցիալական ցանցեր, ընդդիմադիր լրատվամիջոցներ և այլն) և էապես տարբերվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներից, այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների թիվն իրականում ավելի մեծ է։