Գիտենք անշուշտ, որ Օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին ստրուկ դարձած։ Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչո՛ւ եմ անում, որովհետև իմ ուզածը չէ, որ անում եմ, այլ հակառակը, այն, ինչը ատում եմ։ Իսկ եթե իմ չուզածն է, որ անում եմ, դրանով արդեն վկայած եմ լինում, որ Օրենքը բարի է։ Մյուս կողմից՝ ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ որևէ բարի բան չկա։ Բարին կամենալը ինձնից է կախված, բայց չի հաջողվում այն կատարել։ Եվ այսպես, բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել։ Ուրեմն, եթե իմ չուզածն է, որ անում եմ, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը: Արդ, ես գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ուզում եմ բարին անել, տեսնում եմ, որ ընդունակ եմ միայն չարը անելու։ Ես իմ ներքին էությամբ հաճույքով եմ ընդունում Աստծու Օրենքը, բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ մի ուրիշ օրենք, որ պայքարում է իմ մտքի ընդունած Օրենքի դեմ և ինձ գերի է դարձնում մեղքի օրենքին, որն իմ մարմնի անդամների մեջ է։ Ապա, ուրեմն, ես ինքս մտքով ծառայում եմ Աստծու Օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։ Եթե այդպես է, նշանակում է, թե նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:14-8:3)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: