Յուրաքանչյուր մարդ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն, ու նշված իրավունքի կենսագործման երաշխավորներից են փաստաբանները: Փաստաբաններն իրավական հարցերով իրենց վստահորդների անկախ խորհրդականներն են, որոնց իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործունեությունը ենթակա է բարոյական ու իրավական սահմանափակումների: Պարզվում է՝ գիտելիքից ու գրիչից բացի՝ որոշների զինանոցում նաև հայհոյանքն է կամ անպատասխանատու, զգացմունքային խոսքը։ Ինչ բարոյական սահմանփակում, ինչ հասարակության առջև պատասխանատվություն, ինչ փաստաբանի վարքագծի կանոնագիրք... Լիրիկա է դարձել։
Երեկ «Ազտությունով» լսում էի փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Մուշեղ Շուշանյանի հարցազրույցը: Երկուսն էլ քննադատում էին ոստիկանությանը, բայց մեկը՝ որպես իրավաբան (չնայած շատ հարցերով համակարծիք չեմ), մյուսը՝ որպես չգիտեմ ինչ: Վստահորդի գաղափարաբանությանը գերի ու վստահորդի հետ կամավոր նույնացվող պաշտպանն ինքը պաշտպանության ու հոգեբանական օգնության կարիք ունի։ Եղբայր, Ձեր գործով զբաղվեք կամ փոխեք մասնագիտություններդ, դարձեք ռադիկալ ընդդիմությունից քաղաքական գործիչ ու «մահ ռեժիմին» գոռացողներին միացեք. հաստատ հանրության մի փոքր հատվածի մոտ ավելի արժանապատիվ կերևաք: Ոմանք ինչով ասես, զբաղվում են՝ բացի քրեական գործով պաշտպանություն իրականացնելուց։ Գտնում եք՝ ապօրինի խուզարկում են, բողոքարկեք, գտնում եք՝ օրենքը սխալ է կիրառվում, վիճարկեք, համարում եք՝ Ձեր վստահորդները քաղաքական հետապնդման զոհեր են, գոնե սպասեք՝ դատավարությունն ավարտվի, նոր հայտարարեք ստալինիզմի ու տոտալիտարիզմների մասին: Պետական ծառայողներին հայհոյելով ու գերատեսչություններ պիտակավորելով, իրավապահների հետ «բռնոցի» ու «պախկվոցի» խաղալով, ամեն մանրուքում նրանց հակադրվելով, փնթի փիառվելով նսեմացնում ու վարկաբեկում եք Ձեր մասնագիտությունը ու ոչ մի օգուտ չեք տալիս Ձեր վստահորդներին: Նրանք ամենաշատը իրավաբանական օգնության և ոչ թե զգացմունքային ապրումակցման կարիք ունեն: Իրավական պետությունից եք խոսում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել