Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին` 14-րդ տուրում, գրանցվեց ամենամեծ անակնկալը. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով պարտվեց ռուս Պյոտր Սվիդլերին:
Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ Կարլսենն ու Կրամնիկը 8.5-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը:
Կարլսենը պարտվեց, բայց հենց նա կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանադի հետ, քանի որ զուգահեռաբար ընթացող պարտիայում Վասիլի Իվանչուկը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:
Կարլսենն ու Կրամնիկը մրցաշարն ավարտեցին 8.5-ական միավորով, և նորվեգացին ավելի շատ հաղթանակներ տանելու շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, իսկ Բորիս Գելֆանդ – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան խաղաղ ելք էր ունեցել:
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է.
1. | Կարլսեն | 8.5 |
2. | Կրամնիկ | 8.5 |
3. | Արոնյան | 8.0 |
4. | Սվիդլեր | 8.0 |
5. | Գրիշչուկ | 6.5 |
6. | Գելֆանդ | 6.5 |
7. | Իվանչուկ | 6.0 |
8. | Ռաջաբով | 4.0 |