Նախորդ ամիս Թբիլիսիում տեղի ունեցած ադրբեջանցի լրագրող Ա.Մուխթարլիի առևանգման դեպքը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել թե՛ վրացական և թե՛ ադրբեջանական իշխանություններին: Չնայած դրան՝ վերջինների պարագայում ստեղծված իրավիճակում որոշակի շահի առկայություն ամեն դեպքում գոյություն ունի՝ իրենց համար անցանկալի անձին սեփական ճաղերում պահելու գործոնով պայմանավորված: Վրաստանի պարագայում խնդիրն այլ է, քանի որ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի տարածքում, և դա, փաստորեն, հաստատվել է պաշտոնական Թբիլիսիի կողմից, հակառակ պարագայում ՆԳՆ-ն գործ չէր հարուցի անձի «ազատ տեղաշարժը սահմանափակելու» հոդվածով:
Արդեն շուրջ երկու տարի Թբիլիսիում բնակվող Մուխթարլին, ով հետախուզման մեջ էր գտնվում ադրբեջանցի իրավապահների կողմից, չգիտես ինչու, Բաքվից հնչած պաշտոնական հայտարարությունների համաձայն, որոշել էր հետ վերադառնալ Ադրբեջան: Փաստն այն է, որ ներկայումս նշված լրագրողը գտնվում է ադրբեջանական բանտում, հարուցված է քրեական գործ սահմանն ապօրինի հատելու գործով:
Ադրբեջանում և Վրաստանում կարծիքներ են հնչում, թե հիշյալ առևանգումը կազմակերպվել է վրացի և ադրբեջանցի հատուկ ծառայությունների կողմից. այդ մասին են արտահայտվել ոչ միայն վրացի, այլ նաև ադրբեջանցի պատգամավորներ, այդ թվում նաև՝ իշխանական թևը ներկայացնող:
Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, եվրոպական որոշ կառույցներ Մուխթարլիի գործի հետ կապված քննադատություններ և կոչեր են հնչեցրել՝ Թբիլիսիին և Բաքվին ուղղված: Հատկապես վերոնշյալ հանգամանքը պետք է որ առավել անհանգստացնող լինի Վրաստանի իշխանությունների համար, քանի որ վերջին տարիներին եվրաինտեգրման գործընթացում գրանցած հաջողությունների ճանապարհին նման դեպքերը կարող են ավելորդ գլխացավանք դառնալ Վրաստանի համար՝ վնասելով վերջինիս թե՛ ներքին և թե՛ արտաքին իմիջին:
Չի բացառվում նաև, որ հիշյալ գործի շուրջ զարգացող իրադարձություններն այնքան խճճվեն, որ ի վերջո առնվազն կարճատև, բայց շոշափելի լարվածություն առաջանա վրաց-ադրբեջանական հարաբերություններում, ինչն, անշուշտ, իր բացասական հետքը կթողնի երկկողմ շփումների դրական դինամիկայի խաթարման տեսանկյունից: