Ազգը կին է: Մայր է: Տիրուհի է: Հոգի է: Բնիկ հագուստները ոսկեկար են, թագը գոհարներով է ընդելուզված, կոշիկները սադաֆից են: Գեղեցիկ է Ազգը: Եվ որպես Տան Տիրուհի՝ ամենաթանկ ունեցվածքը պահում է գաղտնարաններում: Արևելքում Ակաշա-Քրոնիկ են ասում: Հայոց համար այդ գաղտնարանը Հոգևոր Հայաստանն է: Ազգի ունեցվածքից ոչինչ չի կորչում: Ոչ մի բառ, ոչ մի խազ, ոչ մի մեղեդի, ոչ մի անուն, ոչ մի սխրանք: Ապրող մարդիկ անտեղյակ են Գաղտնարանի հարստությունից: Այստեղ Մշակույթն է:
Ազգի մարմինը ժողովուրդն է: Նա հագնում է՝ ինչ պատահի: Չորս կողմ է նայում, ուրիշներին է նայում: Նրա տաճարը սուպերմարկետն է: Աչքը չի կշտանում: Ուզում է քաղաքավարի լինել: Սովորում է: Օրենքներ է պատճենում: Ժպտալ է սովորում: Անհագ սիրում է ճոխությունը: Եթե ուժեղ է – ճորտեր ունի, եթե թույլ է – ճորտանում է: Տուն կա՝ ամեն ինչ ունի – ծտի կաթ էլ կճարվի: Չի հագենում: Սա Քաղաքակրթությունն է:
Հայ Ժողովուրդը: Նա մի դև է ծնել: Դևը խեղդում է ծնողին: Օդ չկա, ճար ու ճանապարհ չկա: Հայ ժողովուրդը: Ելքը չի գտնում: Անուններ է տալիս: Դևը զորավոր է: Անուններ է կանչում: Գալիս են: Աչքները լայն բացված են: Ուղի են փնտրում: Բիբերին փառ է: Մշուշ է: Դևը գալարվում է: Մշակույթը մոռացված է: Քաղաքակրթությունը պոռնկանում է:
Ազգը սպասում է: Մշակույթը սպասում է: Հոգին արցունք է ոթում: Ոգին բորբոքում է հուրը: Ժողովուրդը չի հիշում: Բիբերի փառը թանձրանում է: Անուն են հանգերգում: Անունը արցունք է ոթում: Բիբերի փառը թանձրանում է: Ազգը մոռացել են: Ոգին մոռացել են: Մշակույթը սպասում է: Հակամշակույթը պոռնկանում է: Սը՛ս – կույրերը պատի տակ բանակցում են:
Այս պատմությունը ավարտ ունի: Գրված է: Դաջված է Ծիր Կաթինին: Ազգը սպասում է: Մշակույթը սպասում է: Քաղաքակրթությունը պոռնկանում է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/4127138517300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել