Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է լրագրողներին, որ բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը։
«Ես չեմ կարող և չեմ ուզում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ոչ մի պարագայում նման բան տեղի չի ունենա», - հայտարարել է Վուչիչը՝ կոչ անելով իր առջև իրատեսական և իրականանալի նպատակներ դնել:
Վերջերս Կոսովոյում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել ՊԱՆ կոալիցիան, որի առաջնորդները ժամանակին մաս են կազմել այպես կոչված Կոսովոյի ազատագրման բանակին։ ՊԱՆ–ի մեջ են մտնում «Կոսովոյի ապագայի համար» ալյանսը, որը գլխավորում է Ռամուշ Խարադինայը, Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը`առաջնորդը Հաշիմ Տաչին է, ինչպես նաև «Կոսովոյի նախաձեռնությունը», ղեկավարը`Ֆաթմիր Լիմայան։
Նրանք բոլորն էլ մասնակցել են սերբերի էթնիկ զտումներին, խնդիրներ ունեն միջազգային օրենքների հետ, իսկ Տաչին և այլոք նաև կասկածվում են մարդկանց առևանգումների, օրգանների վաճառքի և այլ հանցագործությունների մեջ։ Օրինակ, Խարադինայը պատերազմի ժամանակ գլխավորում էր «Սև արծիվներ» հատուկ ջոկատը, որը զբաղվում էր մարդկանց առևանգումներով, կտտանքներով և սերբերի նկատմամբ դաժան գործողություններով։
Այսինքն, Կոսովոյում իշխանության են եկել դաշտային հրամանատարները, ովքեր էլ ավելի անզիջում դիրքորոշում են որդեգրելու Կոսովոյի անկախության, տեղի փոքրաթիվ սերբական համայնքի, ինչպես նաև ընդհանրապես Սերբիայի նկատմամբ։ Աջերի, ազգայնականների իշխանության գալը Կոսովոյում էլ ավելի է սրելու իրավիճակը Բալկաններում, իսկ հաշվի առնելով վերոհիշյալ անձանց մարտական ուղին նրանք չեն խուսափելու նաև զենքի ուժով Կոսովոյի հյուսիսը սերբերից «զտելու» մարտավարությունն ու Ալբանիայի հետ միավորվելու`Մեծ Ալբանիա գաղափարի շրջանակներում։ Սերբիան էլ թույլ չի տա սերբական փոքրամասնության վերջնական ոչնչացում Կոսովոյում ու կարող է զորքեր մտցնել`հայրենակիցներին պաշտպանելու համար`Բալկաններում կարող է տեղի ունենալ նոր պատերազմ, որին proxy war–ի տրամաբանությամբ միջամտելու են`հօգուտ Սերբիայի`ՌԴ–ը, իսկ Կոսովոյի ու Ալբանիայի օգտին`ԱՄՆ–ը, ԵՄ–ի որոշ երկրներ և հնարավոր է նաև Թուրքիան`պանիսլամական, նեոօսմանական ռազմավարության շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ Կոսովոյի խորհրդարանը վերջերս բանաձև է ընդունել սեփական զինված ուժերի ստեղծման մասին։ Կոսովոյի կառավարությունը` Անվտանգության ուժերի փոխարեն շտապ կերպով սկսելու է զինված ուժերի ձևավորման գործընթացը։