Կա մեկ բան, դա հենց չկան է, որ ոչինչ չկա։
Կարիք… նորից կարիք, կարիք, որ գուցե դու այդ կարիքը չունես. ունեմ ես…
Երբեմն ինձ թվում է՝ ավելին ունեմ, քան թե դու, բայց մեկ է, ավելին եմ կորցրել, քան թե դու, քեզ կորցնելու ցավը ավելին է, քան այն, որ ես ունեմ։ Ունեցածս հուշեր են, հիշողություններ, կարոտ, սեր, մենություն… Գուցե ավելին թվա, բայց դա դեռ քիչ է, քիչ է, բայց ավելին, քան քո ունեցածը։
Երբեմն ինձ թվում է՝ ավելին ունեմ, քան թե դու, բայց մեկ է, ավելին եմ կորցրել, քան թե դու, քեզ կորցնելու ցավը ավելին է, քան այն, որ ես ունեմ։ Ունեցածս հուշեր են, հիշողություններ, կարոտ, սեր, մենություն… Գուցե ավելին թվա, բայց դա դեռ քիչ է, քիչ է, բայց ավելին, քան քո ունեցածը։
Մի՞թե ինչ-որ բան դեռ կա։ Եթե կա, ապա ո՞ւր ես դու։ Իմ «կա»-ն դու ես, դու ես իմ «կա»-ն, «կա»-ն, որ չկա, չկա ու կա, կա ու չկա, ախ կա ու կա, բայց քո ներկայությունից չկա, չկաս դու, չկաս ու կաս։
Մենակության ցավը պատել է հոգիս, թանձր ստվերի պես ծածկել է ինձ, ինձ վատնել կուրության։ Մենակությունս կույր է ու կուրացնող։ Մենակությունս առանց քեզ թանձր է, անտես ու չոր, շշուկ անգամ չկա։ Կամ միայն ես, կանք միայն ես ու դու, քո «դու»-ն, որ կա իմ մեջ, դա է ինձ հետ, իսկ դու չկաս, քո «դու»-ն անդեմ, անաչք անհոգի, ուղղակի մի ստվեր է՝ հիշողություն ու անցյալ։ Ախ քո «դու»-ն, որ ինձ հետ է, քո առաջվա ներկայությունն է, քո «դու»-ն ու ես, մենակության գրկում, մենակ ու լուռ… Ես և դու, իսկ նա, նա մեր սերը, որ իր մեջ պարուրում էր ինձ ու քեզ, չէ, իմ սերը, քոնը չէ, քո սերը չէ, իմ սերը, իմ հորինած, «նա»-ն, որ պատառոտվեց ու դարձավ ես և դու, մեր սերը, չէ, ներիր, իմ սերը, ես եմ սիրել, իսկ դու լոկ վայելել, ես եմ տրվել, իսկ դու լոկ տիրել ես, ես եմ կարոտում, իսկ դու հեռվում գուցե ժպտում ես, տեսնում ես, չի եղել նա, եղել եմ ես, իսկ հետո՝ ես և դու…
Մի հեռավոր հեռու, գուցե այնքան մոտիկ, բայց այնքան հեռու, ախ հայացքս հայացքիդ հառնում, բայց այնքա՜ն, այնքա՜ն հեռու ենք մենք, որ անգամ հայացքները չեն նկատում իրար, անգամ հպվել պատահաբար քո ուսին, էլի չեմ զգում, զգում եմ, որ դու չես, չէ, զգում եմ, որ հեռու ենք մենք, հեռու ու հեռավոր, այնքա՜ն մոտիկ, այնքա՜ն մոտ, բայց որքան հեռու, հեռու-հեռավոր։
Ուզում եմ անվերջ քնել, անվերջ ու հավերժ քնել, գուցե երազում ես չզգամ քեզ, չզգամ ոչինչ, ախ երանի ննջելուց էլ երազս լիներ դատարկ ու սև, երանի անգամ քնելուց ոչինչ չզգայի, անգամ երազ չտեսնեի։ Քնել եմ ուզում, հոգնած մարմինս ուզում եմ հենել սառը սավանին ու անվերջ ննջել՝ մոռանալով ամեն բան կյանքում։ Անխոս ու լուռ աչքերս փակեմ, ախ միայն թե էլ ոչինչ չզգամ, անզգա մեռելի պես հանգչեմ, բայց շնչեմ, չշնչեմ ու երբեք էլ չարթնանամ։
Մութ է, լույսը շատ, բայց մութը ծածկել է այն, լույսը երևում է, բայց մութն է ծակում աչքերս, գրկում է ինձ, շոյում, վերքոտ մարմնիս ցավոտ փուշու նման հատիկ-հատիկ իջնում է ու ցավեցնում։ Մութ է, հմայիչ ու կրքոտ մութ, դատարկ մարմնով, անսահման մի կիրք, ու երբ մատներս հպվում են նրան, զգում եմ սառը սառնությունը, զգում եմ, զգում եմ, թե որքան է ցավում մութս, ախ իմ մութս, գրկիր ինձ, այնպես գրկիր, որ ոչ մի կերպ ես չերևամ, գրկիր ու խառնիր քո դատարկության հետ, դատարկիր ինձ, միայն թե էլ ոչինչ չզգամ։
Լռությունը պատել է մարմինս, կնոջ քնքշությամբ շոյում է շուրթերս, մեկ գալարվում գրկումս, մեկ լեզվիս հետ խաղ անում, ուզում խոսել, բայց նորից լռում է, խենթ կնոջ նման կարծես այս գիշեր ուզում է սիրել ինձ, գրկել, պարուրել, ուզում է խոսել կամ լռել, այս գիշեր ես ու լռությունս մերկ ենք, մերկ ու անմարմին, միայն հոգի ենք ու միայն մեկ, մեկ ու ամայի։
Ոչինչ էլ այլ չէ, զգո՞ւմ ես։ Զգում ես այն ցուրտը, որը մրսեցնում էր հոգիս, չի դարձել ջերմություն, այլ ավելի է սաստկացել, սկսել քամել, քամել հոգուս մնացած վերջին ջերմությունը, ու ջերմության փոխարեն սառը մենակության քամին է խցկում, խցկում, հա խցկում, որ երբեք էլ չտաքանամ, զգում ես՝ այս ցուրտը դու ես, անտարբեր ու սառը, անիրական ու անջերմ, քար ու լռին, անվերջ նայում ենք իրար, չասելով ոչ մի բառ, դու քո հայացքով հեռանում ես, այդ ասվածս մենակությունը խցկում իմ հոգում, ավերում, ավերում այն գեղեցիկ տաքությունը, որը կար, ու որը պետք է որ մնար…
Քայլերս մեկ ժամը մեկ գցելով հետ, զգում եմ, զգում եմ այն անցյալը, որ այդ ճանպարհով ոչ թե հետ էր գնում, այլ առաջ։ Զգում եմ մեր հետքերը, որը վաղուց ծածկվել է հնի փոշով։ Քամի… նորից քամի… անցյալի սկիզբը, անցյալի դուռը, մեկ շոյում քամին հոգնած աչքերս, մեկ սառեցնում աչքերիս ցավը, մեկ գրկում ու անուշ օրորում, մեկ կատաղում ու փոթորկում, իսկ անցյալի փոշին մեկ առաջ, մեկ նորից եմ շնչում ու արտաշնչում այն շուրթեով տաք, որին սոսնձել եմ քո ներկայությունը, ու այդ փոշու հետ ամեն բան չքանում է, քամին խլում է, խլում է քեզ ինձանից, վանում ինձ ու քեզ, վանում իրարից, ինձ հետ ուղարկում՝ ձեռքիս քարշ տալով, իսկ քեզ առաջ տանում՝ հեռուն ուղեկցելով։
Քամին, մեր քամին, մեր սիրո քամին, որ զեփյուռ էր մեղմ ու անուշ, իսկ հիմա՝ փոթորիկ, անգույն ու մռայլ, տանջող ու սպանող մեր սիրո քամին։
Ավելին ուզել, քան քո նեկայությունը, չեմ կարող, ամեն բան կապ ունի քո ներկայության հետ, ամեն բան ունի քո ներկայութան կարիքը։ Դժվար բան եմ ուզում, նողկալի մի բան, քեզ սիրելով նաև նողկում եմ, որ սիրում եմ, պաշտում, քո ներկայությունը իմ ուզածն է, բայց նաև իմ ուզածը քեզ մոռանալն է, չհիշել, չսիրել, չկարոտել, բայց նաև սիրել։ Կարոտել ու հիշել… ախ ի՞նչ է։ Ոչ մի ելք չկա այս սիրո հարցում։ Թե կա, երևի դա հենց չսիրելն է, բայց մի՞թե սիրել ու չսիրել մի տեղում են լինում։ Եթե լինում է, ուրեմն՝ ինչո՞ւ սիրելիս, ինչո՞ւ քեզ սիրելով նաև չեմ սիրում։ Տեսնում ես, ոչինչ էլ այնուամենայնիվ չկա, կա մեկ բան, դա հենց չկան է, որ ոչինչ չկա։
Մենակ եմ։ Ցավագին մի լռություն… քո ձեռքերի փոխարեն իր ձեռքերով գրկել է ինձ, շոյում, մրսեցնում, ցավեցնում։ Մենակ եմ, մենակ եմ, աշխարհը լիքն է, բայց մենակ եմ ես։ Դու չկաս։ Իմ աշխարհի մեջ այլևս չկաս, մրսում են ձեռքերս, հպվում իրար որբի նման, շոյում իրար, կարոտում քո ձեռքերին, ինչքան բան ունեմ քեզ մոտ թողած՝ անսպառ ժամանակ, անսպառ սեր… Ինչքան ու ինչքան քո ներկայության կարիքն ունեմ, քո տաք ձեռքերի, քո հետքերի ու քո շուրթերի, բայց ավաղ չկա, ոչինչ չկա, թե կա էլ, դա անցյալ է արդեն. անցյալ, որտեղ դու կաս, ներկա, որտեղ դու հեռու ես, ապագա, որտեղ չես երևում։ Ինչ օտար է, ամեն բան քեզանից հետո, օտար ու սովորական, անմիտ ու անիմաստ, օտար է, ամեն բան, օտար ու ցուրտ…
Մտածելու կամ չմտածելու ոչինչ այլևս չկա, ինչ կա, մտածել եմ, հիմա մտածում եմ, թե ինչ մտածեմ։ Քո մասին այնքան եմ մտածել ու խորհել, որ մի պահ թվացել է, թե դու ես ու վերջ, քեզանից բացի էլ ոչինչ չկա, քեզանից հետո էլ աշխարհ չկա… Մտածե՞լ… Ինչի՞ համար… որ էլի տանջվե՞մ։ Բացի մտածելուց էլ ի՞նչ եմ կարող։ Ոչինչ չեմ կարող. անկարող եմ ես։ Քո մասին հիմա միայն կարող եմ մտածել, հիշել, կարոտել, լուռ սիրել, ուրիշ ոչինչ չեմ կարող անել։ Հեռու ես դու, հեռավոր հեռու։ Չեմ կարող քեզ հպվել, դիպչել, սիրել ու գրկել։ Կարող եմ միայն դա պատկերացնել։ Ի՞նչ անեմ ես, որտեղի՞ց սկսեմ նորից, որտեղի՞ց նորից նոր բան սկսեմ, ինչպե՞ս սկսեմ, երբ հինը չեմ ուզում լքել, ուզում եմ հնով նորից ապրել, նորից գերվել ու հարբել…
Մատներս լուռ, մատներս լացող, մատներս հոգնած կամաց-կամաց մոտենում են քեզ, կանգառվում, շուրթերիդ հետ մի փոքր հպվում, հետո գրգռված իջնում են ցած, հասնում կրծքերիդ ու գրկում նրանց։ Մատներս հոգնած, մատներս մեռած կրծքիդ տակի սիրտն են զգում։ Շոյում են կամաց ու կամաց։ Մատներս հոգնած ու մատներս մեռած, անուշ-անուշ մարմինդ են շոյում, հպվում եմ քեզ, տխուր ու միայնակ, տրվում, տրվում մերկ մարմնիդ ու հանգրվանում, հանգրվանում մարմնիդ ամեն անկյունում։ Ձեռքս տանում, ոտքերիցդ վեր հանում, շոյում, սպառում, ցավեցնում, օրորվում։ Իմ աշխարհը քո մերկ մարմինն է, իմ հոգին քո շուրթերին են, իսկ տխրությունս՝ քո աչքերը, մեկ շուրթերով հպվում եմ աչքերիդ ու չորությունդ համբուրում, անսիրտ արցունքներս համբուրում ու սիրում, անսիրդ աչքերդ, սպառված ցավից էլ արցունք չունեն, չորացել են ցավի համբույրից. քո աչքերը, անսիրտ աչքերը ու իմ տխրությունը…
Ինչո՞ւ եմ այսքան խառնում ամեն բան. մե՛կ անցյալն եմ պատկերում, մե՛կ կարծես ապրում եմ ու հենց հիմա, մե՛կ կարծես ապագաս եմ գուշակում։ Ոչինչ էլ այլ չէ, ոչինչ էլ չի փոխվում, նրանք են փոխվում ու դու… ես չեմ փոխվում, մնում եմ իմ տեղում։
Դառն է, այո՛, դառն է, դառն եմ ես՝ անհամ ու սառը։ Դառն է կյանքս. ների՛ր, չեմ կարող քաղցր լինել։ Կյանքս երբեք քաղցր քաղցրավենիքի պես չի եղել, դառն եմ, այո՛, և ինչու չէ՝ ինքնասեր ու եսասեր, մեծամիտ ու գոռոզ, այո՛, բայց գիտե՞ս, իմ սիրելի, թե այդ գոռոզության տակ որքա՞ն ցավ է թաքնված… այդ մեծամտության տակ որքա՞ն մեծ ցավ է տառապում, այդ ինքնասիրության տակ որքա՞ն եմ քեզ սիրում, գիտե՞ս արդյոք, ախ որտեղի՞ց իմանաս։ Է՜հ, ինչ եմ այսքան մտածում, մտածում եմ ու մտածում, վերջում՝ հոգնում մտածելուց։ Հոգնել եմ, այո՛։ Գիտե՞ս՝ ինչերից եմ հոգնել ու սոսկել. քեզանից, քո բացակայությունից, քո աններկայությունից։ Նաև սոսկում եմ, երբ սիրտս պաշտում է քեզ, քեզ սիրում ու քեզնով ապրում, սիրտս առանց քեզ չի էլ զարկում…
Կգրկեի քեզ, լուռ կփարվեի մարմնիդ, ցավով պարուրված ամբողջ մարմինդ շոյեի շուրթերով, քամեի ներսիդ կուրությունը ու վերջին անգամ տրվեի քեզ. տիրեի ու սիրեի։ Վերջը գեղեցիկ է… վերջը, որ կա ու չկա, ու կա ու չկա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել