Ապրիլմեկյան հայկական եթերը. Համառոտ ակնարկ
Ասում են մարդուն ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան՝ լացեցնելը: Մեր օրերում՝ դա անելն առավել դժվար է: Չնայած այն հանգամանքին, որ ասացվածքը չի կորցրել իր ակտուալությունը, այնուամենայնիվ փոխվել են «հումորային» համարվելու չափանիշները: Որպեսզի խոսքս լինի առավել հասկանալի, սկսեմ սկզբից Ինչպես գիտենք, ապրիլի մեկը համարվում է ծիծաղի և հումորի օր: Առհասարակ տոն օրերին հեռուստատեսությունը, կարծում եմ, պետք է լինի առավել տոնական, օրվա թեմատիկային համապատասխան, օրվա տրամադրությանը՝ համահունչ:Ինձ չի կարելի համարել ակտիվ հեռուստադիտող. հռուստացույց դիտում եմ հազվադեպ, հիմնականում տոն օրերին՝ հուսալով, որ գոնե այդ օրերին հնարավորություն կլինի դիտելու գեթ մեկ հետաքրքիր ու բովանդակալից հաղորդում: Այսօր նույնպես բացառություն չէր: Ես, մի լավ ծիծաղելու տրամադրվածությամբ, միացնում եմ հեռուստացույցը: Եթերում 32 ատամն է.. մի ամբողջ դահլիճ հռհռում է այն բանի վրա, որ ինքը չգիտի, թե ինչ բան է ռադիոակտիվ ճառագայթման ինտենսիվությունը և օդի հարաբերական խոնավությունը: Չէ, ճիշտ հասկացեք, այն, որ մարդ ինչ-որ բան չգիտի, դրանում ոչ ամոթալի, ոչ էլ ծիծաղելի բան կա, բայց երբ մարդը ծիծաղում է սեփական չիմացության վրա, դա է ինձ մոտ ծիծաղ առաջացնում, որն ավելի շուտ քմծիծաղ է: Մյուս ալիքներում ավելի հետաքրքիր մի բան գտնելու ակընկալիքներով՝ վահանակը վերցնում եմ ձեռքիս: Ու ի դժբախտություն ինձ՝ հենց այդ պահին խոշոր պլանում էն լոտոյի «աստղնա» իրա նեռվեր սղոցող ձայնով ասում. «աչքդ լոււււյս, պառազիիիիդ».. Ցանկություն չունենալով պարզել, թե ո՞վ էր պառազիդը, արագ անցնում եմ հաջորդ ալիքին: Ահա.. կարծես թե հիմա կվայելեմ կիրթ հումոր. Չէ՞ որ օպերայի բեմն է, դե գոնե օպերայի բեմում մի փոքր այլ մշակույթ պիտի լինի չէ՞: Բեմում մեր բավականին հայտնի անուն ու պատկառելի տարիք ունեցող հումորիստներից մեկն է: Լսում եմ հետևյալ տողերը. «արա սենց դռաժենի տվեց, նայեցի կնոջս ՝ իրան էլ դռաժենի տվեց, հանեց նշանի մատանին, շպրտեց ու ասեց. «արա ուրեմ դու նախկին կյանքում դինոզավռ ես եղել ու ինձ չես ասե՞լ».. ու սենց մանթո էտ օրվանից ես սկսեցի հավատալ գուշակներին»: Էս ասում ու կանգնումա.. դահլիճը լուռա: Մի քանի վայրկյան էլ ա դադար պահում, էլի արդյունք չկա: Ու հասկանալով, որ առանց հուշելու լսարանը չի ծիծաղի, աչքերը չռած հայացքով նայումա դահլիճին. Իբր էս էր հումորը, վերջացավ, հիմա պիտի ծիծաղեք: Խեղճ դահլիճը իր պարտականությունն է համարում ծիծաղել և ծափահարել: Սա էլ իր գործը բավականին բարձ գնահատելով՝ հեռաում է դահլիճից…
Արդեն որքան ժամանակ է, գովազդվում է Հայկական հումորի մրցանակաբաշխությունը, որը չգիտես ինչու կոչվում է Armynian comedy awards: Ներկայացնում են Եվգենի Պետրոսյանին, որին ոչ վաղ անցյալում հենց մենք՝ հայերս, անվանում էինք «շուռ տված հայ»: Ռուսական ժողովրդական արտիստ , հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանին ներկայացնում են որպես հպարտություն հայ ազգի համար, և ակնարկվում, որ մենք հպարտ ենք նման հայրենակից ունենալով: Ես իհարկե հարգում եմ նրան՝ որպես ռուսական հումորի ամենավառ ու ճանաչված դեմքերից մեկի, բայց ինձ մոտ մի հարց է ծագում. Մե՞նք ենք ավելի շուռ տված, թե՞ Պետրոսյանը, որին ժամանակին ինքներս էինք էդպիսին անվանում..
Մրցանակաբաշխության վերջում մրցանակ է ստանում «Նոր Հայեր» խումբը: Ինչքան էինք սիրում էս տղաներին, ինչ լավն էին բոլորը, ինչ մակարդակի հումոր էին ներկայացնում: Չկար ԱՊՀ տարածքում ապրող մի հայ, որը չհպարտանար նրանցով: Իսկ հիմա՞: Ախր Մենչը չի փոխվել, նույն Մենչն է: Բայց ի՞նչ կապ ունի Նոր հայերում մատուցած նրա հումորը ներկայումս նրա կողմից մատուցվող «Երևանցիներ» նախագծի հետ. Թերևս այս ասպեկտում Մենչը նույնը չի.. Որովհետև նոր հայերի մենչը իր ծրագրում չէր խոսի էն մասին, թե ինչպես իրեն պիտի պահի «իսկական իրեն հարգող քյարթուն», մենչի թեթև ձեռքով հիմա երեխաների մոտ «գյալաբոկ» արտահայտությունը հումորի հետ չէր ասոցացվի: Նշանակում է՝ փոխվել են հումորի չափանիշները, հաճախ նաև՝ որակը:
Ահա և մեր հումորային եթերը՝ իր ողջ բովանդակությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել