Եթե ես եկեղեցու մաս եմ, ոչ թե հազարից մեկ մոմ վառող, ես հստակ գիտեմ` ինձ ինչ է պետք էնտեղ:
Ես գնում եմ պատարագի՝ չքննելով քահանայի մարդկային որակները, որովհետև պատարագն ինձ այլ բան է տալիս:
Որովհետև պատարագի ժամանակ ես հաղորդություն եմ ստանում՝ ելնելով ոչ թե պատարագիչ քահանայի կամ նրա քահանայապետ եպիսկոպոսի ու կաթողիկոսի մարդկային որակներից, այլ իմ սեփական արժանիությունից (հարաբերական) կամ անարժանությունից, իմ պատրաստված լինել-չլինելուց և այլ զուտ անձնական հանգամանքներից:
Ես խոստովանում եմ ԻՄ մեղքերը, արձակում եմ ստանում ԻՄ մեղքերից, իսկ քահանան իր օծումով ինձ օգնում է էդ հարցում:
Ես՝ որպես եկեղեցու մասնիկ, թքած ունեմ եկեղեցու մասին արտահայտվող բացասական կարծիքի վրա, քանի որ դրանք բոլորը փուչ զրնգոց են էն ամենի կողքին, ինչ ինձ տալիս է եկեղեցին՝ իր լավ կամ ոչ այնքան հոգևորականության միջոցով:
Ասածս ինչ՝ իզուր են էդ ջանքերը: Վերջին մի ամսվա ընթացքում մի քանի տարբեր ոլորտներից հարձակումներ եղան: Առաջինը չեն, դժվար թե վերջինը լինեն: Մաղձ են թափում, բայց իրենց մաղձը չի պակասում: Էդպես ճահճացել, մնացել են իրենց մաղձոտ ճահիճներում:
... Էսօր Ավագ հինգշաբթի է: Մարդիկ, որ էսօր եկեղեցի են գնում, ժամեր են անցկացնում եկեղեցում, անկապ դուրս տվողների ասածներից մեծամասամբ սկի տեղյակ էլ չեն, նրանց գոյության մասին էլ, հնարավոր է, չիմանան: Նրանք ուրիշ շատ կարևոր բաներ գիտեն...
... Ավագ հինգշաբթի օրը Վեհափառը, եպիսկոպոսներն ու քահանաները կատարում են ոտնլվայի արարողություն: Մեր հոգևոր հայրերը իրենց բարձր աստիճաններից ծնկում են ու լվանում աստիճանով ու կոչումով իրենցից ցածր մարդկանց ոտքերը:
Էդ մեծ-մեծ փրթողներից ո՞ր մեկը կկարողանար էսքան խոնարհություն դրսևորել: Ամբողջ Հայաստանով մեկ եկեղեցականներն էսօր զինվորների ոտքեր են լվացել:
Չգիտեմ, էդ մարդիկ ի վիճակի՞ են հասկանալ, թե ինչքան տարբեր հարթությունների վրա են իրենք ու եկեղեցին: