Մարտի 29-ին «Էպիկենտրոն» հաղորդաշարը մի տեսանյութ հեռարձակեց, որի թիրախը հանրապետության որոշ լրատվամիջոցներ էին, իսկ պատճառը` մայրաքաղաքի որոշ կիսակառույցների վերաբերյալ հնչեցված քննադատությունը:
Մի կողմ թողնելով տեսանյութի բովանդակությունը՝ չեմ կարող անտեսել ոստիկանությանը սեփական խաղերին խառնելու տգեղ մարտավարությունը: «Էպիկենտրոնը» տվյալ դեպքում մեղադրական է հրապարակում, թե` հիշյալ լրատվամիջոցների խմբագիրների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը, և վերջին ատյանի անբեկանելիությամբ կտրում` «Մեկնաբանություններն ավելորդ են»:
Ո´չ: Մեկնաբանություններն անհրաժեշտ են և պարտադիր:
Հասկանում ենք, որ ընդամենը մեկ ամսից Երևանի ավագանու ընտրություններն են, և կուսակցություններն աստիճանաբար մտնում են նախընտրական պրոցեսների տրամաբանության մեջ: Հասկանում ենք նաև, որ գարուն է, ու որոշ սրացումներ անխուսափելի են: Բայց մի՞թե կարելի է հասնել անխելամտության այն աստիճանին, որ չտեսնելու տաս կամ ժխտես ակնհայտ ճշմարտությունները: Նախ քանի՞ անգամ կարելի է կրկնել, որ ոստիկանությունը վերկուսակցակա´ն կառույց է, չի´ միջամտում քաղաքական պրոցեսներին, չի´ ծառայում ոչնչի ու ոչ մեկին, բացի օրենքից ու ժողովրդից: Ասողին հասկացող է պետք: Իսկ տվյալ դեպքում վայ-քննադատությունն այնքան պարզունակ է, որ ուղղակի ապշում ես:
Խոսքը թիկնազորային ծառայության մասին է, և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը պայմանագրային հիմունքներով ապահովում է նման խնդրանքով դիմած` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու:
Հնարավոր է, որ «Էպիկենտրոնի» խորին համոզմամբ` ոստիկանության սրբազան պարտքը միայն կուսակցապետերի անձը կամ ունեցվածքը պաշտպանելն է, բայց մենք հակառակ կարծիքին ենք. ոստիկանությունը բոլորի´ ոստիկանությունն է և պարտավոր է պահպանել յուրաքանչյո´ւր քաղաքացու անվտանգությունը, անկախ նրանից` առաջնո՞րդ են, թե՞ առաջնորդվող, լրագրո՞ղ են, թե՞ գործազուրկ, հարո՞ւստ են, թե՞ չքավոր…
Ոստիկանությունն իր իրավունքներն ու պարտականությունները լավ գիտի:
Կրկին ու կրկին կոչ ենք անում, հորդորում զերծ մնալ քաղաքական խնդիրները ոտիկանության հաշվին լուծելու գայթակղությունից:
Այ հիմա արդեն մեկնաբանություններն ավելորդ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել