Օրերս մեր հին բակի՝ ինձ համար շատ հարգված հորեղբորս ընկերն իմ ուշադրությունը հրավիրեց իր մի հետաքրքիր առաջարկի վրա, որը իմ ձեւակերպումով կփորձեմ ներկայացնել այստեղ` շրջանառության մեջ դնելու ակնկալությամբ։  

Յուրաքանչյուր ազգ ունի իր ներքին բարոյահոգևոր նկարագրից բխող տիպական վարքաքագծեր, որոնք բխում են նրա հավատամքից և գործում են անվերապահորեն` չգրված երկաթյա օրենքների նման։ Օրինակ՝ շատերին է հայտնի հայերիս տիպական վարքագիծ հանդիսացող կրակ խառնելը, բակը ջրելու ներքին մոլուցքը եւ այլն։ Հայերիս մոտ տիպական հավատամքային վարքագիծ է նաեւ սեփական երեխայի արեւով երդումը։ Շատ քչերն են ընդունակ իրենց երեխաների արևով` հոգու վրա, սուտ երդում ուտելու։ Նմանները հասարակության կողմից համարվում են ստորագույն տականք, իսկ հայ մարդն ամենաշատը վախենում է իր երեխաների արևով սուտ երդում ուտելուց։ Մոտենում է ՀՀ նախագահի երդման արարողությունը։ Գրքի վրա ձեւական երդում ուտելուց բացի, կա նաև իր երեխաների արևով` նրանց հոգու վրա, երդման հայոց ներքին տիպական վարքագիծը, որը մեզանում առկա է ու տարածված է։ Նույնիսկ լրագրողները կարող են չհավատալով պահանջել, որ հարցազրույց տվողը երդվի իր խոսքերի ճիշտ լինելու հետ կապված։ Այլապես, մեր քաղաքական կամ պետական գործիչների ստախոսությունն անցել է բոլոր հնարավոր սահմանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել