Asekose.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սոչիում կկայանա «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կներկայացնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ իր մասնակցության, նախապատրաստական աշխատանքների, ընտրված երգերի և իր՝ հավանական հաղթանակի մասին:

Թեև Սյուզաննան չցանկացավ շատ փակագծեր բացել իր նոր՝  «Навсегда» երգի մասին, որով ինքը ներկայանալու է մրցույթին, բայց, այնուամենայնիվ, առաջինն Asekose.am-ին հայտնեց որոշ մանրամասներ.

«Երգի երաժշտության հեղինակն ուկրաինաբնակ Շուշան Սարգսյանն է, ով նախագծի շրջանականերում հանդիսանում է նաև իմ երաժշտական պրոդյուսերը, իսկ խոսքերինը՝ ուկրաինացի Նատալյա Ռոստովան է: «Навсегда» երգի նախնական աշխատանքները կատարվել են դեռ հունվար ամսին, իսկ արդեն մարտ ամսին հայտ ներկայացրինք «Նոր Ալիք»-ի նախընտրական փուլին մասնակցելու համար: Տվյալ երգն ի սկզբանե գրվել է հենց այս մրցույթի համար»,- նշեց Սյուզաննան՝ մանրամասնելով, որ օրեր առաջ ստացել է համաձայնություն՝ մրցույթի եզրափակիչ փուլում հենց տվյալ երգը ներկայացնելու համար:

«Օրեր առաջ մրցույթի կազմակերպիչները տեղեկացրին ինձ, որ հաստատում և թույլատրում են տվյալ երգը ներկայացնել «Նոր Ալիք»-ի եզրափակիչ փուլում՝ որպես հեղինակային երգ: Նշեմ, որ երգը հենց այնպես չի գրվել, ամեն ինչ նախօրոք քննարկվել է, փորձել ենք ինչ-որ չափով իմ անձը ներգրավել նաև երգի մեջ: Հետագայում, երբ հանդիսատեսն արդեն հնարավորություն կունենա լսելու երգը, պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց երգչուհին:

Խոսելով երգի հեղինակների հետ իր համագործակցության մասին՝ Սյուզաննան նշեց.

«Այս դեպքում շատ ճիշտ կլինի իմ կողմից մեջբերել «Ամեն ինչ հենց այնպես չի լինում» արտահայտությունը: Շուշանի հետ ես ծանոթացել եմ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժամանակ, ստացվում է, որ մեր ծանոթությունը եղավ ճակատագրական, իհարկե, լավ իմաստով ճակատագրական: Մինչ այս, մենք բազմիցս ենք խոսել, մրցութում  մասնակցելու իմ ցանկության մասին: Շատ լավ տեղյակ լինելով ռուսական շոու բիզնեսի անցուդարձից` Շուշանն ինձ մի շարք խորհուրդներ տվեց, ինչի արդյունքն էլ եղավ այն, որ նա դարձավ այս ամենի մի մասնիկը, և հենց նրան ես վստահեցի իմ երգի երաժշտությունը: Իսկ ինչ վերաբերվում է Նատալյային, ապա ասեմ, որ հենց Շուշանի խորհրդով ես դիմեցի նրան: Երգի հետ կապված բոլոր աշխատանքները կատարվել են Ուկրաինայում, մենք բոլորով ընդհանուր մի խումբ դարձանք»,- պատմեց Սյուզաննա Մելքոնյանը:

Անդրադառնալով «Навсегда» երգի ոճին՝ Սյուզաննան նշեց միայն, որ այն ավելի շատ էստրադային, փոփ-ռոք ժանրում է:

Հետաքրքրվելով, թե այս պահին, որ փուլում են գտնվում նախապատրաստական աշխատանքները, արդյո՞ք պարզ է, թե ինչ կերպարներով է նա ներկայանալու մրցութային երեք օրերին, Սյուզաննան ասաց.

«Արդեն հստակ պարզ է, թե մասնակիցներից յուրաքանչյուրի կերպարով որ անհատական դիզայներն է զբաղվելու: Իմ դիզայները Լանա Տուրոկն է, ում հետ իմ հանդիպումը կկայանա օրեր հետո՝ Մոսկվայում: Մրցույթի դիզայներներին հանձնարարվել է, որ ամեն կերպ փորձեն գտնել իրենց մասնակիցների, այսպես ասած, «фишка»-ն, այս պահին էլ ես և Լանան քննարկում ենք, փորձում ենք լուծումներ գտնել՝ իմ «фишка»-ն հնարավորինս ճիշտ ներկայացնելու համար»,- պատմեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել