Հետաքրքիր ժողովուրդ են հայերը։ Երեկ անսպասելի կարկուտը փողոցը հեղեղեց ջրով, քանի որ շատ ուժեղ էր։ Հետևաբար, բնական երևույթ է, որ Երևանի կենտրոնը պիտի հեղեղվեր ջրով, էլ չասած՝ այն մասերը, որտեղ փողոցներն այնքան էլ լավ վիճակում չէին։ Անսարք փողոցների նկարները տարբեր կայքեր ու սոցիալական տիրույթներ զետեղելը դեռ նորմալ է, բայց, օրինակ, ի՞նչ մեղք ունի քաղաքային իշխանությունը, երբ անձրևը թունել է լցվել կամ այնքան շատ եկել, որ մեքենաները կիսով չափ ծածկել է։ Էլ գող փիսո, էլ մլավան շուն... Միանգամից քաղաքապետարանը դարձավ քավության նոխազ, ու ով հասցրեց, դատապարտեց նրա անգործությունը։
Հարգելիներս, նորից ենք ուզում տեղեկացնել, որ անձրևը բնականոն երևույթ է նաև աշխարհի շատ ավելի զարգացած երկրներում։ Լոնդոնում շաբաթը երկու-երեք անգամ փողոցները ջրով են լցվում, նույնը՝ Տոկիոյում, Պեկինում, ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում։ Հիմա ի՞նչ է, այդ երկրի բնակիչները դուրս գան ու փոխանակ սեփական ուժերով լիկվիդացնեն բնության չարիքը, պլակատների վրա գրեն՝ որտեղ է նայում քաղաքային իշխանությունը... Դա լուրջ չէ։ Պետք է վերջապես դադարել զբաղվել դեմագոգիայով։