PanARMENIAN.Net-ը գրում է.
The Economic Times անգլալեզու հնդկական օրաթերթը Հայաստանին նվիրված հոդված է տպագրել, որում պատմել է երկրի անցյալի և ներկայի, բնական գեղեցկության և տեսարժան վայրերի մասին:
«Անխռով բնապատկերներ, վանքեր` շրջապատված գլխապտույտ լանդշաֆտներով, կարկաչուն գետակներ. Հայաստանը նկարազարդ բացիկ է: Լինելով քաղաքակրթության օրրաններից մեկը` Հայաստանը 301-ին առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկիրն է: Հայասատանը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի հարևանն է և գտնվում է աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկում», - նշվում է հոդվածում, հայտնում է «Նովոստի Արմենիան»։
Հեղինակներն առաջին հերթին այցելել են Կասկադ` Երևանի կենտրոնում գտնվող մասշտաբային համալիր`շատրվաններով, ցուցասրահներով և պատկերասրահներով, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, որտեղ, լեգենդի համաձայն, հանգրվանել է Նոյյան տապանը:
Երևանում երկրորդ կանգառը Մատենադարանն է` հնագույն ձեռագրերի թանգարան–պահոցը, որտեղ հեղինակները ծանոթացել են միջնադարյան ձեռագրերին և փաստաթղթերին, որոնցում ներկայացված է ամեն ինչ` սկսած երկրաչափությունից ու տիեզերաբանությունից, մինչև աստվածաբանություն և պոեզիա:
«Հրաբխային քարերից կառուցված շենքերը Երևանին հաղորդում են վարդագույն լուսավորում, այն նաև «Վարդագույն քաղաք» են անվանում»,-ասվում է հոդվածում:
Հեղինակները նաև այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Օսմանյան Թուրքիայում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:
Հայաստանի մայրաքաղաք Երևանի սահմաններից դուրս հյուրերն այցելել են Խոր Վիրապի վանք, որը տեղակայված է Երևանից 30 կմ հարավ, ինչպես նաև Տաթևի վանական համալիր, որը կառուցվել է Որոտան գետի խոր կիրճում` սարահարթի վրա, որտեղ գործում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին: