Ինձ համար լրագրողների շփումը տարբեր ադիոզ քաղաքական գործիչների ու օլիգարխների հետ դարձել է մեր իրականության լակմուսային թուղթ, որովհետև ցածրաճաշակության, պրոֆեսիոնալիզմի ստորադասման ու էժան աժիոտաժի թրենդը հենց այդտեղ ենք տեսնում։
Դրա առավել վառ դրսևորումներն էլ տեղի են ունենում, երբ լրագրողները հարցազրու․․․ Չէ, հարցազրույց չի կարելի անվանել դա․․․ Երբ լրագրողները աբայուդնի բազարի մեջ են մտնում, օրինակ, Լֆիկ Սամոյի ու Նեմեց Ռուբոյի հետ։ Թերևս միակ տարբերությունն այս երկուսի մեջ այն է, որ Լֆիկը բազարվող լրագրողներին հակազդելու ամենաարդյունավետ մեխանիզմ հանդիսացող իրոնիկ ցինիզմը յուրացրել ու հմտորեն կիրառում է, իսկ Նեմեցը նյարդայնանում է։
Իսկ այդ (չ)լրագրողները խնդիր էլ չունեն ինֆորմատիվ բաղադրիչ ապահովելու իրենց բազար-հարցազրույցներում։ Առավել հաճախ նրանք նպատակաուղղված սադրում են ու փորձում են հունից հանել դիմացինին, որպեսզի հետո մի հնչեղ վերնագրով հերթական լրատվական աղբը զետեղեն, որը, ինչ խոսք, դիտարժան շոու է, բայց ինֆորմատիվ առումով՝ բացարձակ 0։
Հետո նույն (չ)լրագրողները նույն ոգով շփվում են վարչապետի, նախարարների, լուրջ քաղաքական ու հասարական գործիչների, ինչպես նաև օտարերկրյա հյուրերի հետ, և ստանում ենք այն, ինչ ստանում ենք։ Ընդ որում՝ նման հայեցակարգը սկսել է բացառել, որ թղթակիցը որևէ նախապատրաստական աշխատանք կատարի, որպեսզի իր տված հարցերը լինեն գոնե դույզն-ինչ պրոֆեսիոնալ, այլ ոչ թե ֆեյսբուքյան քոմենթչու մակարդակի։ Չէ՞ որ այդ դեպքում քիչ հավանական է, որ Նեմեցը, Կճոյանը, Լֆիկը կամ էլ այլ մեկը մուննաթ գա, կամ էլ, որ ավելի լավ է, հայհոյի, իսկ (չ)լրագրողին հենց դա էլ պետք է։ Ի՜նչ մի կարիք կա պրոֆեսիոնալ լրատվության վրա տքնել, եթե հեռախոսով նկարած մի ապուշությունը կարող է ապահովել օրվա տրաֆիկը։
Իրար արժանի են, ինչ խոսք։