Հարգելի պարոն Աշոտյան,

Հարցը, որ ցանկանում եմ արծարծել այս նամակում, հուսով եմ՝ լուծում կստանա Ձեր կողմից, և կհիմնավորվեն դրա առաջացման պատճառները: Օրերս մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանողները կարելի է ասել թիկունքից անսպասելի հարված ստացան. կազմակերպող կողմը ԵՊՀ-ում մոտ ժամանակներս անցկացվելիք TOEFL բոլոր քննությունները հետաձգեց (մեծավ մասամբ տեղափոխվեցին հունիսի 30-ին), և մոտ 200 ուսանողներ, այդ թվում զինակոչիկներ, որոնք ցանկանում են մնալ իրենց հայրենիքում և զարգացնել հայրենական գիտությունը, հայտնվեցին անելանելի վիճակում:

Ինչպես գիտեք, ասպիրանտուրա դիմելու հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվում է մոտավորապես մայիսի վերջին, այնինչ TOEFL-ի որոշակի շեմը հաղթահարելը պարտադիր է ասպիրանտ դառնալու համար: Կերկարաձգե՞ք դիմումների ընդունման ժամկետը:

Ի դեպ, TOEFL-ի քննությունները կասեցվել են միայն ԵՊՀ-ում: Ինչու՞: 

Ինչու՞ են քննություններն ընդունվում դրսում, արդյոք չունե՞նք մենք համարժեք մասնագետներ, որ կարող են անաչառ ստուգել ապագա ասպիրանտների՝ օտար լեզվի իմացությունը:

Հարցեր, որոնց պատասխանը և լուծումը կարող եք տալ միայն Դուք: Խնդրում եմ խնդրին տալ շուտափույթ լուծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել