Ուզում եմ հիշել, թե երբվանից սկսեցին քանդել քաղաքը… Չեմ հիշում արդեն: Ասես մի կյանք ա՝ դա եմ տեսնում: Ամառը սարսափ ա դառել, հայի ստեղծագործ ձեռքերը աշխատում են: Քանդում են, սարքում են, հետո էլի սարքածը քանդում ու նորից սարքում: Դա անվերջ ա, դա վերջ չունի: Էստեղ ավելի շատ կարելի է ասել, ոչ թե սարքում են, այլ՝ «շինում»… էլիտար «շինում են»  Երևանին:

Քանդում են մեր քաղաքը, որ սարքեն իրենցը: Ամեն ինչ պիտի նոր լինի: Հին ոչինչ չպիտի լինի: Բայց ինչի՞ … Անհու՞յս հին էին…չի բացառվում: Քանդե՛ք ուրեմն…

Բայց անիմաստ ինչի՞ քանդել մեր հինն ու բարին և կառուցել ամենուրեք ծռտիկ էլիտար շենքեր: Դրանք ինչքան էլ գեղեցիկ լինեն, միևնույնն ա, վանում են, արդար շենքեր չեն դրանքկեղտ կա դրանց հիմքում

Մերձբալթյան պետությունները երևի մեզանից հիմար են, որ չեն քանդում իրենց старый город-ը: Մարդ ժամերով զբոսնում ա, գեղագիտական հաճույք ա ստանում ամեն մի քարից, տնից ու տանիքից:

Մեր քաղաքի շինարարությունը չի վերջանում, դառել ա անեծք, ինչը կարամ ասեմ նաև հարևաններիս մասին: Դուրս ես գալիս տանից, շնչում ես փոշի, տեսնում ես կեղտ, արևն էլ մի հատ կվալդով խփում ա գլխիդ ու փախնում ես տուն, բայց էստեղ էլ հարևաններն են կվալդով սպասում: Մայիսի վերջից սկսել են ու էնպիսի տպավորություն ա, որ եթե -50°C էլ լինի, իրենք դեռ քանդելու են, շարելու են, փչելու են առավոտ 9-ից մինչև ուշ գիշեր:

Աջից հարևանիս մականունը Տորք Անգեղ ա, դե պատկերացրեք՝ զարկերը ինչ կլինեն: Վախում էլ ես մի բան ասես, որովհետև մարդու իրավունքներ ունենալով հանդերձ, մեկա իրավունք չունես: Երբ հսկայի զարկերից թափվեցին իմ սանհանգույցի սալիկները, էլ չդիմացա՝ տեղյակ պահեցի:

Իզուր…

-Այ Գայ ջան, նենց դեմք ես ընդունել, ես ասի՝ քեզ ա մի բան եղել, կաֆել ա էլի, ինչ լինում ա, կաֆելին լինի…հա-հա-հա…(ծիծաղում ա):

Էնպես ասեց, կարծես ինձ որ մի բան լիներ, իրա ռեմոնտը թողնելու էր ու գար ինձ օգնության:

-Հեսա բարով-խերով ռեմոնտս վերջացնեմ, կգամ, տեսնեմ՝ էդ ինչ ա եղել, մի 2 հատ կաֆել ա էլի, կդնենք տեղը…

Դեռ գալիս ա…

Էդպես 2 ամիս իմ տնից ավազ ու փոշի էի մաքրում… Առաջին հարկ ապրելն էլ մի բան չի: Դուռ-լուսամուտ փակում ես, շոգից ես խեղդվում, բացում ես՝ հասկացաք արդեն…

Մի 2 օր լռություն էր, իմացա, որ վայելում են արդեն… Ուրախացա, իմ համար ուրախացա: Իրենք սենց թե նենց հա ուրախ են…

Առավոտ շուտ դռելի ձայնից զարթնեցի, մտածում եմ էլի՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Փաստորեն էլի… էս անգամ ձախ կողմից… Աջից պաս էին տվել ձախ:

Եվս 2 ամիս ես պիտի ապրեմ մղձավանջի մեջ…

Նույն ինտենսիվությամբ սկսվեց «вторая часть марлезонского балета»-ն:

Ասեմ, որ 2 հարևանների շինարարա-ստեղծագործական պրակտիկայում իր ուրույն տեղն ուներ վերևի հարևանը: Նա ոչ մի բացթողում չարեց, ասես կցել էին աշխատանքին: Երկրորդ հարկից նայում էր, խորհուդներ տալիս, ուղղություն ցույց տալիս, սիմետրիա բռնում: Բաս ձայնով մեկ էլ էնպես կգոռար, որ կողքի շենքից էլ էին գալիս տեսնելու, թե ինչ ա կատարվում: Ասենք էս կարգի անիմաստ օգնություն.

-Մի քիչ աջ քաշի…լավ ա, լավ ա…հոպ այ, ախպեր, կամաց, պատը փլիր…

Հետո կազմակերպում էր ընդմիջում:

-Բա մի հատ պերեկուր չանե՞նք…

Էդ պերեկուռը հաց ուտելն ա բնականաբար իրա օղիով: Դրանից հետո գործը շարունակվում ա արդեն ոչ միայն գգմփ, դդմփ, դխկ-շխկով, այլ նաև երգով ու գոռոցներով:

Դուք երգ լսե՞լ եք ցեմենտ-բետոնի մասին: Պատկերացրեք կա, ես լսել եմ… Շատ խորիմաստ երգ ա, մեր հարևանի ստեղծագործությունն ա… Վտանգ կա , որ շոու բիզնես կմտնի ու վաստակավոր արտիստի կոչում կստանա:

Ի վերջո, վերևի հարևանը նեղվում ա՝ դրսից նայելով ընդհանուր տեսարանին: Աջից-ձախից վերանորգված բնակարաններ են, իսկ մեջտեղը մի տեսակ չի նայվում էլի: Համոզված լինելով, որ ես հաստատ ռեմոնտ անողը չեմ (դա ուրախալի փաստ ա նրա համար), նա անցնում ա գործի, չնայած որ արդեն հոկտեմբեր ամիսն էր: Բա առաջին 2 վերանորոգումից հետո ահագին շինանյութ ա ավելացել, ինքն էլ քանի որ մասնակցություն ունեցել ա էդ հույժ կարևոր գործում՝ ծաղկացնելով դժվար աշխատանքը երգ ու պարով, անշուշտ նվիրաբերություն էր ստացել ավելացած գաջը, ցեմենտը, ավազը և այլն: Ու այ էստեղ, իմ դանդաղ մահի հետ կապված աշխատանքները պլավնի անցում են կատարում երկրորդ հարկ:

третья часть марлезонского балета !!!!

Պարզ չի՝ երբ կավարտի ու էնպես չի, որ էլ չի անելու… Դա նրա հոբբին ա դարձել: Քանդել, սարքել, սարքածը քանդել, էլի սարքել: Երևանը սարքողներից ա սովորել…

Ստացվում ա՝ մայիսի վերջից մինչ օրս իմ հարևանները ինձ դանդաղ մահի են ենթարկել, իսկ երբ ասում եմ, որ իր կվալդի ուժից իմ տան պատերը ճաքում են, կախովի առաստաղները թռչում են, էլ չասեմ, որ օրը մեջ ռեալ անձրև ա գալիս խոհանոցում, նա շատ հանգիստ պատասխանում ա.

-Հա լավ, ի՞նչ ես կռիվ անում, մեկա քո տունը կարգին ռեմոնտ արած չի, ապրի էլի, կենցաղ ա, ամեն ինչ էլ կլինի:

Հիմա մտածել եմ՝ ինչ եմ անելու…

Baxi միացնող չկա էս տարի, գազը թանկ ա, ես չեմ աշխատում, հարևանս էլ էշ ա…

Անցնում եմ էկոնոմ ռեժիմի ու հակահարվածի:

1.Նկուղից հանելու եմ փայտի վառարանը:

2. Վառելու եմ զուտ ամեն տեսակի զիբիլ, ցանկալի է ռեզին, կաուչուկ…

3. Խողովակն էլ հեռու չեմ դնելու, մի լավ սևացնեմ իրա դրսից սպիտակացրած պատը, մեկ ա իմ տունը կարգին ռեմոնտ չկա, եղածն էլ ավիրել են 3 կողմից…

Հենց սկսի բողոքել, պատասխանը գիտեմ.

-Կենցաղ ա, հարևան ջան, ամեն ինչ էլ կլինի, բա ես ի՞նչ ասեմ, ամբողջ տունս մուր ա լինում:

…15 տարուց ավել ա չեմ վերանորոգել բնակարանս, որովհետև վերջին վերանորոգումից հետո, չանցած 2 օր, մեր տանը ջրհեղեղ էր: Հարևանս կեղտոտ ամանները լվանալուց պատահաբար լսում ա իր պաշտելի Խոսե Իգնասիոյի ձայնը, մոռանում ա աշխարհում ամեն ինչ ու վազում սերիալի հետքերով: Էդպես լինում ա տարին 2-3 անգամ: Էլ ինչի՞ ինձ կոտորեմ:

Բայց գոնե թողնեն՝ մարդ հանգիստ ապրի, տեղից էլ հիմա ամեն օր մեր երկրում քաոս ա:

Հ.Գ. Քանի՞ կյանք ա պետք, որ մարդ իր երկրում գոնե մի 10 տարի հանգիստ ապրի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել