Օլիգարխիկ նարցիսիզմի սինդրոմըՀայաստանի ներքաղաքական գործընթացներում սոցիալական խնդիրները սկսում են ավելի կարևոր դերակատարություն ստանալ: Ապրանքների և ծառայությունների գներն ու դրանց կարգավորումը հասարակությանը հուզող ամենակարևոր խնդիրներից են: Հենց այս համատեքստում է, որ պետք է դիտարկել ժամանակակից տնտեսության անփոխարինելի գործոնի՝ էներգակիրների խնդիրը: Վերջին շրջանում ռուսական գազի գնի շուրջ խոսակցությունները վերածվել են ներքաղաքական պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկի: Իշխանությունը փորձում է հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների համակարգում տեղավորել նաև գազի խնդիրը՝ Ռուսաստանից էժան գազ ստանալու հարցը պայմանավորելով ռազմավարական հարաբերությունների ոգով: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը տևական ժամանակ է, ինչ փորձում է շահարկել այն խնդիրը, թե իշխանությունը գազի գնի թանկացման մասին լուրը ուղղակիորեն թաքցնում է՝ փորձելով լուծել վերընտրության խնդիրը:

Ուշագրավ է, որ գազի գնի շուրջ ընթացող գործընթացներին փորձում են մասնակցել նաև Հայաստանում քաղաքական հավակնություններ ունեցող, բայց իրական քաղաքականության ոլորտում ակնհայտ անհաջողակների համբավ ունեցող Սամվել և Կարեն Կարապետյանները: Ռուսաստանում հաջողակ գործարար Սամվել Կարապետյանին այդպես էլ չհաջողվեց եղբայր Կարենին տեղավորել հայաստանյան պետական-քաղաքական համակարգում: Պետականությունն ու սեփական բիզնեսն իրարից չտարբերող, բայց քաղաքական հսկայական հավակնություններ ունեցող տարրերը մշտապես փորձում են իրադարձությունների կիզակետում հայտնվել, և եթե դա չի ստացվում, ապա փորձ է կատարվում ամենաքիչը երևալու, սեփական դիրքերը ցուցադրելու խնդիր լուծել: Վերջին ամենավառ օրինակը մամուլում հայտնված «հավաստի աղբյուրների» տարածած տեղեկատվությունն է առ այն, թե գազի գինը Հայաստանի համար չի թանկանալու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանի ջանքերի շնորհիվ: Տեղեկատվական «սլիվի» համաձայն՝ Սամվել Կարապետյանը Կրեմլին գործարք է առաջարկել. շահած մեծածավալ շինարարական տենդերներն իրականացնել ռուսական կողմի համար շահեկան պայմաններով, որի դիմաց ռուսները չեն թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Կասկածից վեր է, որ նման «սլիվենրին» կարող են հավատալ միայն Կարապետյան եղբայների շրջապատը, միամիտներն ու քաղաքականությունից ոչինչ չհասկացողները: Միջազգային հարաբերություններից և գերտերությունների իշխանությունների վարքագծից մի փոքր տեղեկացվածները գիտեն, որ ոչ մի գործարար, այն էլ օտարազգի գործարար, չի կարող գործարքներ առաջարկել պուտինյան իշխանությանը, որը վերջերս բացահայտ աշխարհակալական նկրտումներ է ցուցաբերում: Գազի գինը կարող է կարգավորվել բացառապես հայ-ռուսական բարձրագույն իշխանությունների հարաբերությունների մակարդակում: Խնդիրը շատ պարզ է. Հայաստանը ՌԴ ռազմաքաղաքական գործընկերն է և Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը ռուսական շրջանակում պահպանելու համար Կրեմլը ստիպված է գազ մատ ակարարել ավելի ցածր գներով, քան դա արվում է ոչ դաշնակից պետությունների դեպքում:

Բացի դրանից, 1999թ.-ից հետո ռուսական վերնախավը դաժան մամլիչի տակ է պահում տեղական օլիգարխիային՝ թույլ չտալով նրանց րրոպե անգամ մտածել ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին: Ինչ վերաբերվում է «հաջողակ խոպանչիներին», ապա ռուսական իշխանությունը նրանց նկատմամբ ունի դարերի ընթացքում ձևավարված ավանդույթ՝ չափի մեջ պահել, թույլ չտալ երբևէ խառնվել մեծապետական գործընթացներին: Գազի հարցում կա ևս մի կարևոր նրբություն. Ռուսաստանը ոչ միայն գազ է մատակարարում Հայաստանին, այլև՝ տիրապետում է գազի մատակարարման ենթակառուցվածքներն ապահովող «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վերհսկիչ փաթեթը: Ընդհանրապես, էներգոռեսուրսների առևտուրն ու արտահանումը Կրեմլի հիմնական գործառույթներից մեկն է, որը միահյուսված է Եվրասիայի աշխարհաքաղաքական խաղի հետ: Ուստի և պետք է հասկանալ այն պարզ իրողությունը, որ Կրեմլը թույլ չի տա Ռուսաստանի տարածքում հարստություն կուտակող որևէ գործարարի, լինի դա ռուս, հայ, թե ղրղզ, սակարկել մեկ այլ պետության հետ հարաբերություններում էական նշանակություն ունեցող ռազմավարական հումքի մատակարարման պայմանների շուրջ: Պուտինյան իշխանության համար գազի արտահանումը աշխարհաքաղաքական թիվ մեկ գործառույթն է, այն ավելի լուրջ դերակատարություն ունի, քան ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների արտահանումը:

«Գազի գինն ու Սամվել Կարապետյանը» պատմությունը ևս մի ուշագրավ կողմ ունի: Նախագահ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ ակնարկեց, որ գազի գնի խնդիրը քննարկել է ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ: Բացի դրանից, նախագահի մոսկովյան այցից առաջ լուրեր էին տարածվում, թե Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգի առաջնային հարցերից է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Այս լուրերը հավաստիացան նախագահի վերադարձից հետո, երբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կմնա անփոփոխ: Ստացվում է, որ Սամվել Կարապետյանը փորձում է յուրացնել պետության ղեկավարի բանակցությունների արդյունքները: Սա նաև պարզ ապացույց է, որ հայկական օլիգարխիան ինքնասիրահարման այն փուլում է, որ փորձում է պետության բարձրագույն իշխանության գործառույթներն իրեն վերագրել և ներկայանալ որպես մեսիա:

Ուստի և սեփական բացառիկությունն ի ցույց դնող «ազգի փրկիչներին», ամեն գնով Հայաստանի պետական-քաղաքական համակարգում տեղավորվող ցանկացողներին ու նրանց սպասարկող լրատվամիջոցներին ու քաղաքական շրջանակներին պետք է ուղղել հետյալ հարցերը.

1. Տեղավորվում է արդյո՞ք Սամվել Կարապետյանը ռուսական աշխարհաքաղաքական և այլ պետությունների հետ ՌԴ ունեցած ռազմաքաղաքական հարաբերություններում:

2. Կարող են արդյո՞ք Կարապետյան եղբայրները սակարկել Կրեմլի հետ և առևտրի մեջ մտնել ՌԴ թիվ մեկ արտահանվող ռազմավարական հումքի արտահանման պայամանների հարցերում, և եթե այո, ապա արդյո՞ք Սամվել Կարապետյանի տեղը գիտեն Եվրոպայում, որպեսզի նրան դիմեն նման խնդրանքներով:

3. Հնարավոր է արդյո՞ք ՌԴ-ում շինարարությամբ փող աշխատելու հնարավորություն ստանալ Կրեմլից՝ թելադրելով պայմաններ և խաղի կանոններ:

4. Կարող է արդյո՞ք Սամվել Կարապետյանը «գազի գինը չբարձրացնելու» օրինակով ապահովել նաև ռուսական սպառազինության մատակարարման հարմարավետ պայմաններ:

Ինչևէ, «սլիվներ» տալը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում և «սլիվի» թեմաները պետք է տրամաբանությանը գոնե մի փոքր մոտ լինեն, հակառակ դեպքում՝ պատվիրատուն հայտնվում է ծիծաղելի իրավիճակում, հատկապես, երբ «տեղեկատվությունը» տարածվում է ոչ թե նրան պատկանող կայքերով, այլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել