Արտաքին առևտրի մասին տեղեկատվության առավել ամբողջական, սակայն որոշ դեպքերում` ոչ հավաստի աղբյուր է Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեն (ԱՎՊԿ):
Ըստ ԱՎՊԿ-ի` Ադրբեջանի արտաքին առևտրի հաշվեկշիռը 1991-2007թթ. ժամանակահատվածի՝ 17 տարիների ընթացքում տատանվել է մոտ $1 մլրդ-ի սահմաններում՝ լինելով բացասական 1994-1999թթ. ընթացքում։ 1996թ. այն կազմել է $329.3 մլն, իսկ 2006թ.՝ $1.1 մլրդ: Իրադրությունը կտրուկ փոխվում է՝ սկսած 2008-ից, երբ արտաքին առևտրի հաշվեկշիռը, շեշտակիորեն աճելով, կազմում է $40.5 մլրդ.՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 120 անգամ: 2008-ի այս ցուցանիշը ռեկորդային է Ադրբեջանի պատմության մեջ ու վկայում է ազգային եկամուտների գոյացման ծայրահեղ անհավասարակշռության մասին: Այդ տարի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր մոտ $55 մլրդ, որից արտահանումը` $47.5 մլրդ:
Արտաքին առևտրի շրջանառության և արտահանումների մասին ԱՎՊԿ տվյալներն ունեն այն ուշագրավ առանձնահատկությունը, որ տարբերվում են Ադրբեջանի մաքսային ծառայության կողմից բերվող նույն ցուցանիշների արժեքներից: Այս հանգամանքը նշվում էր հարցով զբաղված փորձագետների կողմից դեռ 2008-ին: Սակայն ԱՎՊԿ պաշտոնական հրապարակումներում այս ցուցանիշների երկու տարբեր գնահատականները սկսեցին բերվել միայն 2013-ից սկսած և միայն երկու տարիների համար:
2011թ. արտաքին առևտրի շրջանառության ԱՎՊԿ գնահատականը կազմում էր մոտ $33.2 մլրդ: Սակայն նույն ցուցանիշի Մաքսային ծառայության նույն տարվա գնահատականը նկատելիորեն ավելի փոքր է`$27.9 մլրդ: Առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գնահատականների այս տարբերությունն ածխաջրածինների (հում նավթ, հարակից և բնական գազ, այլ հարակից նյութեր) արտահանումներում «գորշ շուկայի» առկայության հետևանքն է: Այն կարող է ծառայել իբրև ոլորտում կոռուպցիոն բաղադրիչի հուսալի ստորին գնահատական:
2010-11թթ. ածխաջրածինների ոլորտում կոռուպցիոն բաղադրիչն Ադրբեջանում կազմում էր արտահանումների տարեկան ծավալի առնվազն մեկ քառորդը: Հիմք ընդունելով այս գնահատականը՝ կարելի է հաշվարկել, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլի «մեծ նավթի» փուլի մեկնարկից հետո կոռուպցիոն այս բաղադրիչը 2006-11թթ. համար գումարայինը կազմել է մոտ $31.0 մլրդ: Այն հատկապես շոշափելի էր 2008-ին (մոտ $12.0 մլրդ), երբ հում նավթի ռեկորդային ծավալների արտահանումը հանգեցրեց այդ տարի Ադրբեջանի արտահանումների ռեկորդային ցուցանիշին` $47.7 մլրդ: Այս ցուցանիշի համար «պատասխանատու» են Իտալիայի կողմից Ադրբեջանի հում նավթի գնումները: Նկատենք, որ դրանք իրականացվեցին միջազգային մասշտաբով հում նավթի գլոբալ սպեկուլյատիվ գնագոյացման պայմաններում:
Կուտակված միջոցները` ներառյալ դրանց «գորշ» բաղադրիչը, ադրբեջանական իշխանությունների կողմից օգտագործվեցին 2008-13թթ. ծանր սպառազինությունների զանգվածային գնումների, սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման և միջազգային թատերաբեմում ակտիվ լոբբինգի համար: Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Իտալիայի, Ադրբեջանի, ՌԴ-ի և մի շարք այլ երկրների իշխանական ու բիզնես-կառույցների փոխադարձ գործնական ու անձնական կապերի հանդեպ հետաքրքրության բարձր աստիճանը` նշմարելի Wikileaks-յան խմբաքանակ Ա-ի 2008-09թթ. հաղորդագրություններում, որոշակի առումով պայմանավորված էր վերը նշված գործոններով:
Դիտարկելով Ադրբեջանի արտաքին առևտրի կառուցվածքն՝ ըստ առանձին երկրների և խմբերի՝ անհրաժեշտ է ընդգծել, որ 2008-2011թթ. ընթացքում նկատելի է ԱՊՀ երկրների հետ Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության աճի տեմպի գերակշռումը (111%) աշխարհի մնացած երկրների (84%) և ողջ արտաքին առևտրի շրջանառության աճի (86%) համեմատ: Թեև տոկոսային հարաբերությամբ ԱՊՀ երկրների հետ Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը մնում է համեստ: Այսպես՝ 2006 և 2007թթ., մինչև հում նավթի ծավալուն արտահանումների սկիզբը, այն կազմել էր ողջ արտաքին առևտրի շրջանառության 23% և 22%-ը համապատասխանաբար: Ռեկորդային` 2008-ին այս ցուցանիշը նվազագույնն է` 6.2%, իսկ 2010թ. այն կազմել էր 14.4%՝ զգալիորեն զիջելով 2006թ. ցուցանիշին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1465442600204603?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել