Մի քանի դիտարկումներով անդրադառնանք Ադրբեջանի Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) բյուջեի ծախսային հատվածին, ծախսերի առյուծի բաժինը կազմում են պետբյուջե կատարվող ներարկումները (մասհանումները): 2007-ին դրանք կազմել էին մոտ կես մլրդ մանաթ կամ այդ տարվա ընդհանուր մասհանումների մոտ 50%-ը: 2009-ին դրանք կազմել էին մոտ 4.9 մլրդ մանաթ կամ այդ տարվա ընդհանուր մասհանումների արդեն մոտ 92%-ը: Իսկ 2011-ին այս ցուցանիշը կազմեց 94%: 2012թ. հիմնադրամի բյուջեի նախնական պլանով նախատեսվում էր պետբյուջեին հատկացնել մոտ 10.0 մլրդ մանաթ ($12.5 մլրդ), ինչը կազմում էր նախատեսված եկամուտների նույնպես 94%-ը: Համաձայն SOFAZ-ի 2012թ. բյուջետային վերանայումների՝ նավթի՝ նախատեսվածից բարձր գների հետևանքով 2012թ. ներդրումների հիմնադրամի եկամուտների ցուցանիշը հասցված է 13.4 մլրդ մանաթի (մոտ $16.8 մլրդ): Ընդ որում՝ առ 2013թ. մայիսը հայտնի չէ պաշտոնական որևէ հայտարարություն SOFAZ-ի 2012թ. պետբյուջե մասհանման ծավալների փոփոխության մասին:
2011-ից սկսած՝ SOFAZ-ի բյուջեն կորցրեց իր ճկունությունը` երկրի պետբյուջե մասհանումներ կատարելու հնարավորության տեսանկյունից: 2013-14 թվականներից Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի արդյունահանման ծավալների կրճատման պատճառով հանգեցրեց պետբյուջե ներկարկումների ծավալների կրճատմանը: Իրադրությունն այս «պիկային» վիճակում պահելու համար (94% եկամուտների հատկացում պետբյուջեին) անհրաժեշտ կլինի կամ հում նավթի azeri lights տեսակի միջազգային գների կտրուկ բարձրացում կամ Ադրբեջանի Պահուստային հիմնադրամ փոխանցված միջոցների բանաձևի վերանայում:
Ադրբեջանական պետբյուջե մասհանումներից հետո SOFAZ-ի ծավալով հաջորդ ծախսային հոդվածը (մոտ $200 մլն) բաժին է ընկնում Օղուզ-Գաբալա շրջանից դեպի Բաքու խմելու ջրի ինքնահոս ջրատարի կառուցման ծրագրին: 2006-11թթ. ժամանակահատվածում հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար ծախսել է ընդհանուր 737 մլն մանաթ: Սամուր-Ապշերոն ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրի համար, որի նպատակն է ինքնահոս ջրատարի օգտագործմամբ «Բաքու և Սումգայիթ քաղաքների համար ապահովել հուսալի ջրամատակարարում», ծախսել է մոտ 656 մլն մանաթ: Փախստականների կացարանների շինարարության համար մինչև 2012թ. հատկացրել է $634 մլն մանաթ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ծրագրի համար 2007-2011թթ. ժամանակահատվածում տրամադրել է 323 մլն մանաթ: Սակայն 2012թ. բյուջեով նախատեսվում է ևս 253 մլն մանաթի հատկացում:
Կտրուկ աճել են SOFAZ-ի սեփական վարչական ծախսերը: Եթե 2010-ին դրանք կազմել էին 14 մլն մանաթ, ապա հաջորդ տարի դրանք ավելացել են 4 անգամ և կազմել 57.1 մլն մանաթ, 2016-ին` 93 մլն մանաթ: Բերված տվյալները հնարավորություն են ընձեռում գնահատելու մինչ այժմ Պետական հիմնադրամի եկամուտներով գոյացած Ադրբեջանի ռազմավարական Պահուստային հիմնադրամի ծավալների վերին սահմանը: Ադրբեջանի Պահուստային հիմնադրամի գումարային ծավալի վերին սահմանը կազմել է մոտ 22 մլրդ մանաթ ($27.5 մլրդ):
Ամփոփելով նշենք, որ միանգամայն անկախ գործող SOFAZ-ը Ադրբեջանի նախագահի և նրա աշխատակազմի հետ իր անմիջական կապով, գործունեության անթափանցիկությամբ և եկամուտների աղբյուրների անվերահսկելիությամբ, ինչպես նաև պետական բյուջեի ձևավորման գործում 2007-ից սկսած իր էական դերակատարմամբ որոշակիորեն կաթվածահար է անում կառավարությանը` առհասարակ, և Ֆիննախին` մասնավորապես, բյուջետային կարգապահության պահպանման, դրա հաշվեկշռման, ծախսային հատվածի թափանցիկության ու արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն իրականացնելու առումներով: Զուր չէ, որ ԱՄՆ ԿՀՎ որդեգրած մեթոդաբանությունն ընդհանրապես հրաժարվում է դիտարկել SOFAZ-ի ներարկումները որպես պետբյուջեի եկամտային հատվածի իրական աղբյուր և իր գնահատականներում չի հենվում պետբյուջեի մասին պաշտոնական տվյալների վրա: Կառուցվածքային առումով հակասական այս իրավիճակը լարում է առաջացնում SOFAZ-ի և ԱՀ կառավարության միջև, որը կարող է սրվել (և սրվում է) նավթային կոնյունկտուրայի թե՛ դեպի վեր, թե՛ դեպի վար փոփոխման դեպքում:
Ընդհանուր քաղաքական անկայունության պարագայում այն կարող է օգտագործվել (և օգտագործվում է) սոցիալ-տնտեսական ու քաղաքական պոպուլիստական ուղղվածության այլևայլ գործընթացների ժամանակ: Ի դեպ, կառուցվածքային նույն հակասությունը, պարզապես ավելի ստորին` ճյուղային մակարդակով, բնորոշ է Էներգետիկայի և արդյունաբերության նախարարության և SOCAR-ին: Ավելին՝ այս հակասությունները ձևավորվել են, այսպես ասած, վերից վար, նավթային ոլորտից դեպի ընդհանուր կառավարական և իշխանական մակարդակ: Դրանք սնվում են մի կողմից՝ դեռ 1990-ականների կեսերին ստորագրված և օրենքի ուժ ունեցող Արդյունքի բաշխման hամաձայնագրերի դրույթներից, մյուս կողմից` իշխանության ջանքերից՝ վերահսկել և ըստ իրենց հայեցողության կառավարել նավթագազային արդյունահանումից ստացված եկամուտները և դրանցով պայմանավորված սոցիալական, քաղաքական ու աշխարհաքաղաքական դիվիդենտները: