PanARMENIAN.Net-ը գրում է.
Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով, և այդ հանգամանքն ավելացրել է նաև Արցախ այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Վարչապետի խոսքով` եթե 2016-ին զբոսաշրջային ակտիվության անկում էր գրանցվել, ապա այս տարի աճ է արձանագրվել։
«ՀՀ կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար, այդ թվում վիզային արտոնություններ է տրամադրել Հայաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար։ Այդ քայլն, անկասկած, դրական ազդեցություն է ունեցել»,-ասել է Հարությունյանը, հայտնում է Sputnik-Արմենիան։
Նրա խոսքով` զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել։ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել նաև տնտեսության մյուս ոլորտները զարգացնելու ուղղությամբ։
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն 2017-ին ակնկալում է երկնիշ տնտսեական աճի ցուցանիշ ունենալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ, չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ: