Բոլորն էլ ուզում են ծանրաբեռնված շաբաթվա վերջին դուրս գալ աղմկոտ քաղաքից և բնության գրկում մի քիչ հանգստանալ։ Հայկական հանգիստն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից ամենակարևորը, թերևս, ուտելն է։ Հասկանալի է, որ ներքին և արտաքին զբոսաշրջության համար սնունդը կարևոր բաղադրիչ է, սակայն կարծում եմ, որ մենք մի քիչ գերագնահատում ենք դրա նշանակությունը։
Եվ այսպես, քեֆ անելու ցանկություն ունեցող միջին վիճակագրական խումբը հասնում է հանգստի վայրը և առաջին գործը, որին ձեռնամուխ են լինում կանայք, նախաճաշն է։ Այն սովորաբար պատրաստվում է մերձավորարևելյան մոտակա երկրներից ներմուծված ճամփորդական գազօջախների վրա՝ խաշած ձու, նրբերշիկ, պանիր, հաց, անպայման՝ «զակուսկեղեն»։ Տղամարդիկ նախաճաշի ընթացքում մեկ-երկու բաժակ «գցում են», հետո անցնում նարդի կամ բլոտ խաղալու։ Խիստ հազվադեպ է լինում, որ բարձրանան կողքի սարը, բլուրը, մի երկու կիլոմետր քայլեն, կամ գոնե ֆուտբոլ խաղան։ Կանայք այդ ընթացքում կուշտ զրուցում են, սուրճ մատուցում բլոտ խաղացողներին, գոռում են վազվզող երեխաների վրա, մի երկու ապտակ հասցնում, բայց դարձյալ հազվադեպ են լքում 5-8 հազար դրամանոց «բեսեդկայի» սահմանագիծը։
Օրվա երկրորդ կեսին՝ մոտավորապես ժամը 14։00-ից 15։00-ի հատվածում երեխաներն ու տիկնայք ակնարկում են արական սեռին, թե՝ բա կրակը չե՞ք վառում։ Սկսվում է խորովածի արարողությունը։ Դե գիտեք, առաջին կտորները պետք է հենց մանղալի մոտ համտեսել՝ օղիով, ինչպես պահանջում է հնագույն ավանդույթը, իսկ մսի մնացած ահռելի քանակը՝ տեղ-տեղ ժանգոտած երկաթյա սեղանի մոտ՝ իշաոտնուկի վրա նստած։
Հայկական «ուիքենդն» ավարտվում է հերթական սուրճով, մի քանի ձմերուկով, գազավորված հյութերով և արդեն լիովին հարբած տղամարդիկ դանդաղ ճոճվելով շարժվում են դեպի մեքենաները։ Կանայք այդ ընթացքում հավաքում են աման-չամանները, անթիվ-անհամար բաժակները, դանակներն ու պատառաքաղները ճխտում բազմաթիվ տոպրակների մեջ, և կերած-խմած խումբը սկսում է դանդաղ օրորվել «Գազելի» մեջ։ «Ուիքնենդն» ավարտվում է, սկսվում է աշխատանքային նոր շաբաթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել