![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը կանգ է առել, ինչն անշուշտ պայմանավորված է նրանով, որ երկխոսության գործընթացը ուղղություն վերցրեց դեպի փակուղի: Կա երկու հիմնական պատճառ, որոնք պրոցեսը փակուղի են տանում, և, բնականաբար, այդ խոչընդոտների վերացումը կարող է նոր՝ կանաչ ճանապարհ բացել երկխոսության համար (սակայն դրա համար ժամանակը բավականին քիչ է):
Առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացվող առաջարկներն են, որոնք կարող էին երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ հիմք ծառայել, սակայն Ր. Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, թե դրանք փոփոխման, այսինքն՝ քննարկման ենթակա չեն, լրիվ փոխեց իրադարձությունների ընթացքը: Քանզի ակնհայտ էր, որ վերոնշյալ առաջարկները որպես հանդիպման օրակարգ այլ կերպ էին ընդունվում, իսկ «անքննարկելի» լինելու հանգամանքը դրանք վերածում էր վերջնագրերի:
Երկրորդ պատճառը` հանդիպման վայրի ու ձևաչափի հետ կապված, դեռևս անհաղթահարելի խոչընդոտ է: Ր. Հովհաննիսյանը որպես հանդիպման վայր մատնանշում է Ազատության հրապարակը կամ նրա մերձակա տարածքում գտնվող սրճարանը, իսկ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հրապարակում նման լուրջ հարցեր չեն լուծվում ու առհասարակ, փողոցը նման հարցերի լուծման լավագույն տեղը չէ: Այս մոտեցման ռացիոնալությունը նրանում է, որ ինքնին հացադուլի մեջ գտնվելը Ր. Հովհաննիսյանի պայքարը տեղափոխել է այլ՝ ապաքաղաքական հարթություն: Անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական հարթություն, հակառակ դեպքում` դժվար է լուրջ քաղաքական հետևանքներ ենթադրող որոշումներ ակնկալել:
Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ կլինի, եթե կողմերը փակուղային իրավիճակից ելքեր չգտնեն: Ի՞նչ ուղղությամբ կգնա շարժումը կամ, առհասարակ, արդյոք ստեղծված իրավիճակի արդյունքում շարժումը դեպի մարում չի՞ գնա (կամ` չի՞ արագանա դրա ընթացքը): Ր. Հովհաննիսյանի համակիրների հայտարարություններից պայքարի զարգացման երկու հիմնական ուղղություն է ուրվագծվում` քաղաքացիական անհնազանդություն կամ պայքարի ներկայիս մարտավարության շարունակում:
Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջ չընկնելով իրադարձություններից, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ քաղաքացիական անհնազանդության կողմնակիցները դեռ պետք է սահմանեն, թե ինչ են հասկանում քաղաքացիական անհնազանդություն ասելով և ինչպես են այդ մարտավարությամբ հասնելու հռչակված նպատակին:




