Հիսուս ասում է.
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ։ Դուք ինքներդ չեք մտնում և մտնել ուզողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից հափշտակում եք այրիների տներն իրենց ձեռքից, իսկ մյուս կողմից կեղծավորությամբ երկարացնում եք ձեր աղոթքը. դրա համար ձեր
դատապարտությունը ավելի խիստ պիտի լինի։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից շրջում եք ծով ու ցամաք՝ մեկին նորահավատ դարձնելու համար, իսկ երբ դա ձեզ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի դժոխքի արժանի եք դարձնում։
Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ։ Դուք ասում եք. «Ով որ երդվի տաճարի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի տաճարում եղած ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Կամ ասում եք. «Ով որ երդվի զոհասեղանի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի զոհասեղանի վրա դրված ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ Հետևաբար, ով որ երդվում է զոհասեղանի վրա, երդված կլինի թե՛ զոհասեղանի և թե՛ այնտեղ եղածների վրա։ Ով որ երդվում է տաճարի վրա, երդված կլինի թե՛ տաճարի և թե՛ Աստծու վրա, որ բնակվում է այնտեղ։ Նույնպես, ով որ երդվում է երկնքի վրա, երդված կլինի թե՛ Աստծու գահի վրա և թե՛ Աստծու վրա, որ նստում է այնտեղ։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսում եք Օրենքի կարևոր պարտավորությունը՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը։ Հարկավոր էր սրա՛նք գործադրել՝ առանց, սակայն, մյուսներն անտեսելու։ Կո՛ւյր առաջնորդներ, մի կողմից մժղուկն եք քամում, բայց մյուս կողմից կուլ եք տալիս ուղտը։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ պնակի և բաժակի դրսի կողմն եք մաքրում, մինչդեռ լավ գիտեք, թե դրանց ներսում եղող
ուտելիքն ու խմելիքը ինչպիսի՜ հափշտակությամբ և աղտեղությամբ եք ձեռք բերել։ Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսի՛ կողմը. այդպիսով դրսի կողմն էլ մաքուր կլինի։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ նման եք կրով սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ։ Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ։
Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մարգարեների շիրիմներն եք շինում և արդարների գերեզմանները զարդարում ու ասում. «Եթե մենք մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։ Դրանով, ահա, դուք արդեն իսկ վկայում եք, թե որդիներն եք նրանց, որոնք կոտորեցին մարգարեներին։ Գնացեք ամբողջացրե՛ք ձեր հայրերի կիսատ թողած գործը։ Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի կարողանաք փախչել դժոխքի դատապարտությունից։ Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների և Օրենքի ուսուցիչների. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք, ոմանց՝ խաչը հանեք, ուրիշների էլ ձեր ժողովարաններում պիտի գանահարեք և հալածեք քաղաքից քաղաք։ Այսպիսով՝ դուք բոլոր արդարների սպանության մասնակից եղած պիտի լինեք՝ սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև։ Հաստա՛տ իմացեք, դուք այս բոլոր ոճիրների պատիժը պիտի կրեք։
- Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված մարդկանց. քանի՜ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք։ Ահա «Ավերակ պիտի լինի ձեր տունը»։ Բայց ասում եմ նաև ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
(Մատթեոսի ավետարան 23:13-39)