- Երկնքի արքայությունը նման է հետևյալին. -Մի թագավոր իր որդու համար հարսանիք արեց։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ հրավիրվածներին հարսանիքի կանչեն, բայց նրանք մերժեցին գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ էլ ուղարկեց՝ պատվիրելով նրանց. «Ասացե՛ք հրավիրվածներին. ճաշկերույթը պատրաստ է, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ կազմ ու պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ Բայց հրավիրվածները կարևորություն չտվեցին. մեկն իր ագարակը գնաց, մյուսը՝ իր առևտրին, իսկ ուրիշներն էլ ծառաներին բռնեցին և ծեծելով սպանեցին։ Թագավորը երբ լսեց այս, բարկացավ և ուղարկեց իր զինվորներին, որոնք ոճրագործներին սպանեցին և նրանց քաղաքն էլ այրեցին։ Ապա թագավորն ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները
արժանի չէին։ Հիմա գնացե՛ք հրապարակ և ում որ գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։
Դուրս գալով ճանապարհների վրա՝ ծառաները հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին, և հարսանիքի սրահը լցվեց հրավիրվածներով։ Երբ թագավորը ներս մտավ՝ նայելու հրավիրվածներին, տեսավ մի մարդու, որ հարսանիքին պատշաճ հագուստ չէր հագել, և նրան ասաց. «Բարեկա՛մ, ինչպե՞ս այստեղ մտար առանց հարսանիքի հագուստ ունենալու»։ Մարդը պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս նետեք դրան խավարի մեջ, թող այնտեղ լաց լինի ու կրճտի ատամները». որովհետև կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ։
(Մատթեոսի ավետարան 22:1-14)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1729053703788401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել