Սիրելի Րաֆֆի, կարծում եմ մասամբ իրավունք ունեմ այսօր, երբ քիչ հետո կսկսի Խավարումը, այսպես խոսելու քեզ հետ: 
Մարգարտաշար երթով դեպ երկինք գնացած Կոճողոզյան եւ Հովհաննիսյան քո նախնիներին ուղղված իմ աղոթքները դնելով իմ եւ քո միջեւ (գիրք գրելիս ես երկար ապրեցի նրանց ձեռից բռնած. 15-ին զոհված քո նախնիների երկնային փաղանգի հետ թե՛ այն, թե՛ այս օրերին ես շատ եմ խոսում): Նրանք այն հարստությունն են, որ հայրենիքից հետո ունես դու: Նաեւ մենք: Այդ նահատակների արյունը խոսելու է, ինչպես Աբելինը, մի՛շտ` մեր եզերքի վրա. այսօր եւս նրանք մեր կողքին են, ու ես քեզ հետ խոսում եմ` նրանց ներկայության մեջ, եւս մեկ անգամ խոնարհվելով նրանց առաջ:
Ի դեպ. անչափ հետաքրքիր, զարմանալի եւ նույնքան անհասկանալի-հարազատություն ունեմ Կարինի հանդեպ: Դա էլ է նրանցից գալիս. նրանք այնքան շատ են շարունակվում Կարինի մեջ:
Մեծ ի Պահոց, զատկական այս բոլոր օրերին, միակ բանը որ անում էի` գետնաքարշ մեղա գալն էր` այս անիծյալ ընտրությունների եւ հետընտրականի, Աստծունը` Աստծուն չտալու, լիարժեք զատում չապրելու, աշխատանքի ու այս ամենի մեջ այսքան խրված լինելու համար:
Երեկ քո ձայնը, Կարինի անհանգստությունը ենթագիտակցորեն ինձ հետ էին:
Աղոթքի պահին ես մեկ էլ ու հասկացա, թե ինչու այսպես փակուղի առաջացավ. բոլորիս, այդ թվում եւ քեզ համար: Որ փակուղի կա, կարծում ես, անկեղծության մեջ չես ժխտի: 
Կարծում եմ` պատճառներից մեկն էլ հացադուլն ու ծոմը միմյանցից չզատելն էր: 
Դու հիմա այս փորձության եւ ոչ քաղաքական ընտրության առջեւ ես կանգնած, երբ սրանք միմյանցից զատես` զատկական այս օրերին, մնացած լուծումներն իրենք իրենց կգան:
Փնտրեք երկնինը, մնացածը ես կտամ ձեզ. ասում է մեր Տերը:
Սա ասում է Քեզ, սա ասում է ինձ, ասում է բոլորիս: Մի քանի ժամից կսկվի Խավարումը. ու բոլորս կընկղմվենք խավարման մեջ` Իր հետ հարության առնելու հույսով:
Իսկ մենք այս մեծ օրերի ողջ իմաստը խաթարեցինք` ընկղմելով աշխարհի, նրա քաղաքական աստառի մեջ: Գնալով քո ձայնն ավելի մռայլ է դառնալու: Կարինն էլ՝ անհանգիստ: Մենք էլ չենք իմանալու մեր անելիքը: Ցավով եմ ասում, որովհետեւ Աստված, որ սկսում է, ավարտում էլ է: 
Դու պիտի քո մեջ զուլալվես` զուլալելով բոլորիս: Դու պիտի քեզ ասես` դու նստած էիր այդտեղ, որովհետեւ քաղաքականությո՞ւն ես անում` էս Ավագ շաբաթով, թե պահք ու ծոմ ես պահում: Հանուն Մեծի ու Աստծո: Քո նախնիների բարեխոսությամբ:
Երկու Տիրոջ չեն ծառայում: Խառնելը թանկ կնստի:
Երբ գտար այդ հարցի պատասխանը. անկեղծ` այս օրվան արժանի.
Թե նախնիներդ կթեւածեն երկնում: Թե դու ու Կարինը` երկրի վրա:
Թե էս էն ժողովորդը, որ քո կողքին է, որ զատումի ու Զատկի նախաշեմին է, ու քեզ նման լուծում չունի, կունենա լուծում:
Ընտրիր:
Հ.Գ. Գիտեմ՝ բարդ բան եմ ասում, սակայն ականջ ունեցողը կլսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել