Հաջորդ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվում տերևներով լեցուն մի թզենի տեսնելով՝ գնաց դեպի ծառը՝ հուսալով, որ նրա վրա թուզ կգտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև տակավին թզի ժամանակը չէր։ Հիսուսը թզենուն ասաց.
-Այլևս ոչ ոք քեզանից թող բնավ պտուղ չուտի։
Եվ նրա աշակերտները լսեցին այս։
Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել նրանց, որոնք տաճարում առուծախով էին զբաղված։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները և թույլ չտվեց, որ որևէ մեկը որևէ բան անցկացնի տաճարի շրջափակի միջով։ Ապա սկսեց ժողովրդին ուսուցանել՝ ասելով.
-Սուրբ գրքերում գրված է. «Իմ տունը բոլոր ժողովուրդների համար աղոթքի տուն պիտի կոչվի», մինչդեռ դուք ավազակների որջի եք վերածել այն։
Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները լսեցին այս և սկսեցին մի հնար փնտրել, թե ինչպես սպանեն նրան։ Նրանք վախենում էին Հիսուսից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցումներով։ Երբ երեկո եղավ, Հիսուսը և իր աշակերտները դուրս եկան քաղաքից։
Առավոտ կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ Պետրոսը հիշեց պատահածը և ասաց.
-Վարդապե՛տ, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է։
Հիսուսն ասաց նրան.
-Հավա՛տ ունեցեք Աստծու հանդեպ։ Վստա՛հ եղեք, ով որ այս լեռանն ասի. «Ե՛լ և ծո՛վն ընկիր», և իր մտքում չտարակուսի, այլ հավատա, թե իր ասածը կլինի, նա ինչ որ ասի, կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, ինչ որ աղոթք անելո՛վ խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, և ձեր խնդրածը կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթեք, եթե մի բան ունեք մեկի հանդեպ, ներեցե՛ք, որպեսզի ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների ձեր հանցանքները. որովհետև եթե դուք ուրիշին չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։
(Մարկոսի ավետարան 11:12-26)