Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, համապատասխանաբար նաև այս շաբաթվա բոլոր օրերը, որովհետև դրանցից յուրաքանչյուրը կրում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձություններից մեկի խորհուրդը: Ավագ հինգշաբթին բովանդակային և ծիսական առումով ամենահագեցածն է. այս օրը քրիստոնյաները հիշատակում են Տիրոջ Վերջին ընթրիքը, Հաղորդության խորհրդի հաստատումը, Ոտնլվան (Հիսուսն այդ օրը լվաց իր աշակերտների ոտքերը) և Տիրոջ մատնությունը:
Հետաքրքրիր է իմանալ, թե այս օրվա հետ կապված ի՞նչ ազգային սովորույթներ կան աշխարհում:
Հետաքրքրիր է իմանալ, թե այս օրվա հետ կապված ի՞նչ ազգային սովորույթներ կան աշխարհում:
- Անգլիայում. Ավագ հինգշաբթին ստացել է «Արքայական ողորմության օր» անվանումը: XIII դարից սկիզբ առնող այս ավանդույթի համաձայն՝ այդ օրն Անգլիայի գահակալն իր կյանքի տարիների թվով տղամարդկանց և կանանց երկուական քսակ է նվիրում: Կարմիր քսակի մեջ գումար է դրվում մեր ժամանակների արտարժույթի տեսքով (սնունդ և հագուստ գնելու համար), իսկ սպիտակ քսակի մեջ՝ 1822թ.-ից հատվող հատուկ փեննի մետաղադրամներ՝ կրկին գահակալի կյանքի տարիների թվով: Մինչ Ջեյմս II Ստյուարտի գահակալության ավարտը (1701թ.) Անգլիայի տիրակալները Ավագ հինգշաբթի օրը լվացել են աղքատների ոտքերը (պահպանվել է Եղիսաբեթ I-ի նկարը Ոտնլվայի ժամանակ):
- Գերմանիայում. Ավագ հինգշաբթին կոչվում է Չարչարանաց կամ Կանաչ հինգշաբթի:
- Չեխիայում, Սլովակիայում և Լյուքսեմբուրգում. Ավագ հինգշաբթվանից մինչև շաբաթ օրը բոլոր եկեղեցիների զանգերը լռում են, և երեխաները փայտե կոչնակներով շրջում են տնետուն՝ ստանալով քաղցրավենիք և մանրադրամներ:
- Մալթայում. այս օրը կոչվում է Հաղորդության հինգշաբթի, սովորություն կա այս օրը յոթ եկեղեցի այցելել:
- Դանիայում, Նորվեգիայում, Իսպանիայում և լատինաամերիկյան երկրներում. օրը պաշտոնապես ոչ աշխատանքային է:
- Շվեդիայում. օրը միահյուսված է վհուկների մասին հին ժողովրդական ավանդազրույցի հետ: Երեխաները վհուկների զգեստներով շրջում են տնետուն և զատկական հավկիթների համար գումար հավաքում:
- Բուլղարիայում. Ավագ հինգշաբթի սկսվում է զատկական ուտեստների, մասնավորապես հավկիթների պատրաստությունը:
- Ֆիլիպիններում. այս օրը չեն գործում ժամանցային հաստատությունները, հեռուստատեսությունն ու ռադիոն կարճ եթերաժամով են հեռարձակվում, անգամ թերթեր չեն տպագրվում, որովհետև ժողովուրդը մեծ ջերմեռանդությամբ է մասնակցում եկեղեցական արարողություններին:
Դե ի՞նչ՝ ազգային սովորույթների այս բազմերանգ գունապնակը ցուցադրում է այս օրվա խորհրդի ողջ գեղեցկությունը: Հայ Եկեղեցու ծիսակարգը նույնպես շատ բովանդակալից, հուզիչ ու խորհրդավոր է այս օրը... Անտարբեր մի՛ եղեք...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/03/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել