Եկավ քո այսքան սպասված օրը՝ դեկտեմբերի 17-ը, և քեզ վաղ առավոտյան տարան բանակ, ինչքան էինք երեկոները խոսում իրար հետ, ասում էիր՝ երկու տարի չեմ տեսնելու ձեզ՝ ընտանիքիս ու իմ սիրելի էակին: Ես ամեն առավոտ աղոթում էի, գիտեի, որ մոտ տեղ ես ընկնելու, շուտ-շուտ կգանք քեզ մոտ, կտեսնենք քեզ, չես հասցնի կարոտել, մտածել ուրիշ բաների մասին, բայց ահա դու զանգեցիր ու ասացիր.

-Մամ, արդեն նստում ենք ավտոբուսները, սրսկումները ավարտվեցին, հիմա տեղավորվում ենք:

-Բալես, Ժոռս, բա ու՞ր են տանում, ասեցի՞ն արդեն:

- Մամ, տանում են Ղարաբաղ, դժվար էլ թե իրար շատ տեսնենք, կաշխատեմ շուտ-շուտ զանգել:
Զանգը անջատվեց, լսվեց լաց, բարձր լաց…. Ու թվում է, թե ինչ-որ բան է պակասել թթվածնի միջից: Թվում է, թե փողոցները դատարկ են… դատարկ-դատարկ… Թվում է՝ աշխարհը կես է եղել: Արդեն  մարտի 28-ն է, օրը՝ հինգշաբթի, երեկ լրացավ քո ծառայության 100 օրը, չեմ հաշվում՝ ինչքան մնաց, շատ են օրերը…… Գիտե՞ս, արդեն եղանակները տաքացել են, բոլորը արդեն իրենց օրվա մեծ մասը անցկացնում են քաղաքում, դրսում իրենց ընտանիքի կամ սիրելիի հետ……Հիշում եմ, երբ այստեղ էիր, մենք քո երեսը օրը մեկ կամ երկու ժամ էինք տեսնում, ոչ ավելին, դու ամբողջ օրը քո ընկերների հետ էիր անցկացնում, ու վերջին օրերը ընդհանրապես չէինք տեսնում քեզ, մենակ գիշերը: Ասում էիր.

- Դե մամ, լավ, մնացել ա մեկ շաբաթ գնալուս, էլ ընկերներիս չեմ տեսնի, ընկերուհուս չեմ տեսնի, թող գոնե վայելեմ էս օրերս, խնդրում եմ:

Իսկ մաման ասում էր՝ չէր կարողանում մերժել քեզ, որովհետև հասկանում էր քեզ լիովին, ինչ ես զգում, չնայած իրեն էլ էր պետք հասկանալ, տղային ճանապարհում էր բանակ, որին չէր տեսնելու 2 տարի: Իսկ դու ինքդ գիտես, թե մեր մայրը ինչ հուզիչ է, թեթև բաներից հուզվում էր, լաց լինում, չէ՞ որ նա էլ քեզ պես երկու տարի քուն չէր ունենալու, քեզ հետ ծառայելու էր մի ամբողջ տարի: Գնացիր բանակ, իմ կյանքից ասես մի մեեեեեծ բան պակասեց, հավատա, ինչ գնացել ես, շատ քիչ եմ իջնում բակ, քիչ եմ շփվում երեխեքի հետ,….դու ինձ ասում էիր՝ քիչ իջիր բակ, մարդկանց երեսին քիչ երևա, ուշ մի արի տուն, հազար ու մի փորձանքներ կարող են լինել, ու ասում էիր՝ հենց որ քեզ ինչ-որ մեկը բան ասի, միանգամից արի ինձ ասա, գնամ իրանց գլուխը ջարդեմ……….. էլ ոչ մեկ չի կարող ինձ անհանգստացնել, ես հպարտ եմ քեզնով, իմ զինվոր, իմ եղբայր, որ քայլում եմ փողոցով, ասում են, ահա նայեք սա Ծոռի քույրն է, սուս մնացեք, ոչ մի խոսք, ոչ մի ավելորդ պահվածք կամ հայացք….ու ես դրանից ավելի եմ զգաստանում ու զգոնանում: Հպարտ էի, որ այնպիսի եղբայր ունեմ, որ կարող եմ հանգիստ քայլել, որտեղ ցանկանայի, մեկ է, ինձ ոչ մեկ չէր կարող ոչինչ ասել:…………Զինվորս, քեզ ցանկանում եմ բարի ծառայություն, կարևորը չտխրես, տրամադրությունդ բարձր պահես, իսկ մենք ամեն ինչով կողքդ ենք, գիտես…….. Չես զգա երբեք մեր պակասը: Սիրում եմ քեզ շատ:

Սիրով Էլիզա Սարգսյանից իր եղբորը՝ Սարգսյան Ժոռին՝ հայրենիքի պաշտպանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել