«Երբ մրցավարը դադարեցրեց մենամարտը, ես անակնկալի եկա: Չէի սպասում նման արդյունքի, ես տրամադրված էի հաղթանակի: Ես միայն աչքի վնասվածք ստացա եւ տեխնիկական նոկաուտով պարտվեցի: Մենամարտի դադարի պահից մտածեցի ռեւանշ պահանջելու մասին»: Այս մասին ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով մարտի 22-ին տեխնիկական նոկաուտով պարտվեց Ռոբերտ Շտիգլիցին։ 

 
Արթուր, ինչպե՞ս է տրամադրությունդ:

Լավ, շնորհակալություն: Ցավում եմ, որ այս մենամարտում չարդարացրի իմ մարտարվեստի երկրպագուների սպասելիքները, կաշխատեմ շտկել այս բացթողումս:

Ինչպե՞ս է առողջական վիճակդ:

Լավ եմ, առողջական որեւէ խնդիր չունեմ:

Ի՞նչ էր պատահել աչքիդ:

Աչքիս որեւէ լուրջ բան չի պատահել, տեսողական խնդիր չունեմ, պարզապես ակնախոռոչն ուռել էր եւ փակել ակնաբիբը:

Մենամարտից հետո եղա՞վ հիվանդանոց գնալու անհրաժեշտություն։

Գնացի հիվանդանոց, լրացուցիչ ստուգում անցա:

Արթուր, ռեւանշ-մենամարտը Շտիգլիցի հետ ինչպե՞ս կմեկնաբանես: 

Լավ պատրաստվել էի այս մենամարտին: Բայց բռնցքամարտում անկանխատեսելի երեւույթներ հաճախ են պատահում: Շտիգլիցի հարվածից նրա ձեռնոցի բութ մատը մտավ աչքս, դրանից ուռեց ակնախոռոչս, եւ բժիշկը դադարեցրեց մարտը: Աչքը կարեւոր օրգան է, աչքի վնասվելու դեպքում վտանգավոր է մենամարտը շարունակելը:

Համարո՞ւմ ես, որ այս մենամարտում դու պարտվեցիր: 

Այս մենամարտում ես աչքի վնասվածք ստացա, մրցավարները դադարեցրին մարտը, հայտարարվեց տեխնիկական նոկաուտ, եւ հաղթանակը շնորհվեց Ռոբերտ Շտիգլիցին: 

Եթե բժիշկները զննեին եւ չդադարեցնեին մենամարտը, դու կարո՞ղ էիր հաղթանակով ավարտել այս մենամարտը, թե՞ արդեն վնասվածքդ ուժասպառ էր արել քեզ:

Ուժասպառ չէի եղել, ես տրամադրված էի հաղթելու: Առաջին երկու ռաունդներում դու միայն պաշտպանվում էիր, պատասխան հարվածներ չէիր հասցնում:

Դա քո տակտիկա՞ն էր, թե Շտիգլիցը հարվածելու հնարավորություն չէր տալիս իր արագաշարժությամբ:

Դա իմ մարտավարությունն է, ես նախ մի քանի ռաունդ պաշտպանվում եմ, ապա սկսում եմ ուժգին հարվածել:

Երբ մրցավարը կանգնեցրեց մենամարտը,  դու անակնկալի եկար: 
Ի՞նչը քեզ անակնկալի բերեց:

Չէի սպասում նման արդյունքի, մրցավարի որոշումն ինձ անակնկալի բերեց:

Արթուր, երբ մրցավարը հայտարարեց, որ մենամարտի հաղթողը Ռոբերտն է, ի՞նչ զգացիր այդ պահին: Ի՞նչ կատարվեց քեզ հետ այդ պահին: 

Անմիջապես որոշեցի ռեւանշ պահանջել:

Իսկ աչքդ վնասելու համար Շտիգլիցը քեզանից ներողություն կամ ինչ-որ բան ասե՞լ է մենամարտից հետո:

Ոչ:

Ե՞րբ ես նախատեսում անցկացնել երրորդ մենամարտը Շտիգլիցի հետ: 

Դեռ հայտնի չէ, դրա վերաբերյալ պետք է մեր թիմերը համաձայնության գան:

Քո անձնական մարզիչը Sportbox.ru-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ նա նախապես տեղյակ է եղել Շտիգլիցի տակտիկային եւ տեխնիկային: Ի՞նչ կասես այդ մասին:

Ես եւ մարզիչս մենամարտերից առաջ դիտում ենք մրցակիցների նախորդ մենամարտերի տեսագրությունները եւ ըստ դրա մարտավարություն մշակում:

Վստա՞հ ես, որ երրորդ ռեւանշ մենամարտի դեպքում աշխարհի չեմպիոնի գոտին կվերադառնա քեզ: 

Ես ամեն անգամ ռինգ եմ գնում` հաղթելու նպատակով: Այժմ իմ եւ Շտիգլիցի հաշիվը 1:1 է: Մեր երրորդ մենամարտը կլինի որոշիչ:

Քեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա մենամարտում:

Շնորհակալություն:

Աղբյուրը՝ sport.news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել