Աշոտ Նավասարդյան Ցոլակի (1950, մարտի 28, Երևան - 1997, նոյեմբերի 3, Երևան), հայ քաղաքական, պետական գործիչ։
Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա բանտարկության։ Ազատվելուց հետո (1987) շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, 1990-ից` Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը։ 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-97-ին` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հանձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին և ստացել ռազմավարի որակավորում։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-97) պատգամավոր։ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին նախագահ: Նրա ծննդյան առիթով (2012թ.-ին) թիվ 196 դպրոցում բացվեց նրա թանգարանը, որը կատարելու է նաև դպրոցի երեխաների համար ազգային դաստիարակչական կենտրոնի դեր:



