Հեղինակավոր The Washington Post-ը 2008թ. օգոստոսի 21-ի իր համարից տեղեկանում ենք, որ ըստ ԱՄՆ կառավարության ֆյուչերսային գործարքները վերահսկող անկախ գործակալության տվյալների՝ որոշ նավթ տեղափոխող ընկերություններ, որոնք իրենց ներկայացնում էին բացառապես որպես մատակարարող կազմակերպություններ, իրականում նավթային սպեկուլյանտներ են և արհեստականորեն, իրենց ձեռնտու կերպով բարձրացնում են նավթի գինը: Ըստ պարբերականի՝ հաստատված է, որ 2008-ին աշխարհում նավթի գների վարքի համար հիմնականում պատասխանատու է եղել Շվեյցարիայում գրանցված Vitol ընկերությունը: Ավելին՝ փաստված է, որ այս ընկերությունը Հյուսթոնում գտնվող մասնաճյուղի օգնությամբ իր ձեռքում էր կենտրոնացրել աշխարհի խոշորագույն` Նյու Յորքի ապրանքային բորսայում նավթի օպցիոնային վաճառքների 11%-ը` անհավատալի բարձր ցուցանիշ: 2008թ. հունիսի 6-ին Vitol ընկերությունը սպեկուլյատիվ գործարքներ էր իրականացրել 57.7 մլն բարել նավթի չափաքանակի հետ: Սա երեք անգամ ավելին է, քան ամբողջ ԱՄՆ օրական սպառումը: Գործարքի հետևանքով հում նավթի գինը բորսայում բարձրացավ միանգամից $11-ով և արդեն հուլիսի 11- ին հասավ $147.27 մեկ բարելի դիմաց պիկային ցուցանիշին:
Այս առումով հատկանշական է Ադրբեջանում Vitol ընկերության ակտիվ գործունեության փաստը: 2007-ից այս ընկերությունը հետևողականորեն ամրապնդում է իր դերակատարումն Ադրբեջանից հում նավթի արտահանումների (հիմնականում Նովոռոսիյսկից) և ադրբեջանական նավթի առքուվաճառքի գործընթացներում: Ակներև կդառնա նաև այն հանգամանքը, որ 2007-2010թթ. ժամանակահատվածում զուտ մատակարարող ընկերությունից Vitol-ը կամաց-կամաց դառնում է նաև ադրբեջանական նավթադաշտերի սեփականատեր: Այսպես՝ համաձայն ռուսական M&A online տեղեկատվական-վերլուծական կայքէջի 2009թ. փետրվարի 5-ի հաղորդագրության՝ Vitol ընկերությունն իր Rosco S.A «քույր» ընկերության միջոցով 2007-08թթ. իր ձեռքը վերցրեց Arawak Energy ընկերության բաժնետոմսերի 41.43%-ը, իսկ 2009թ. փետրվարի սկզբին ամբողջությամբ կլանեց այն: Բանն այն է, որ այս ընկերությանն էին պատկանում ադրբեջանական Գոբուստան ափեզրյա, Գոբուստան կենտրոնական և Գոբուստան հյուսիսային նավթագազային դաշտերը:
The Washington Post-ի վերոհիշյալ հոդվածի հրապարակման հաջորդ օրով` 2008թ. օգոստոսի 22-ով թվագրված Բաքվում ԱՄՆ դեպանության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ի.Ալիևը British Petroleum ընկերության բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ անկեղծ զրույցում ներկայացրել է իր պատկերացումները մի քանի շաբաթ առաջ տարածաշրջանում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Ըստ Ալիևի՝ չափազանց կասկածելի է 2008թ. օգոստոսյան դեպքերի հետևյալ հաջորդականությունը. նախկինում КГБ-ի կողմից հովանավորվող քրդական PKK գրոհայինները պայթեցնում են Բաքու-Թբիլիսի-Ջոյհանը, երեք օր անց Ռուսաստանը ներխուժում է Վրաստան, «պատահական» ռմբակոծման հետևանքով շարքից դուրս է գալիս Ադրբեջանից նավթի տեղափոխման համար օգտագործվող երկաթուղային կամուրջը, մի այլ պատահական ռումբ է ընկնում Բաքու-Սուփսա նավթատարից ընդամենը 10 մ հեռավորության վրա, ռուսական Транснефть ընկերությունը հայտնում է, որ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի աշխատանքներում հայտնաբերվել են տեխնիկական խափանումներ, ինչը հարցականի տակ է դնում Ադրբեջանից նավթի արտահանման այդ ժամանակ գործող միակ ուղին:
Զվարճալի է, սակայն, թե ով է սա ասում` Ադրբեջանի ԽՍՀ КГБ նախկին ղեկավարի (որն ի պաշտոնե համակարգում էր PKK գրոհայինների հետ ՊԱԿ աշխատանքը) ներկայիս արքայազն-ժառանգը: Եվ ո՞ւմ է այս ամենն ասվում. նախկին Բրիտանական կայսրության և ներկայիս եվրատլանտյան համակարգի ենթակառուցվածքային տարրի ղեկավարներից մեկին: Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ եթե այս խոսակցությունը կայանար ոչ թե 2008թ. օգոստոսի 22-ին, այլ, ասենք, մեկ ամիս անց` սեպտեմբերի 22-ին, ապա Ալիևը վերը բերվող «կասկածելի երևույթների» շարքում անպայման կհիշատակեր նաև Կենտրոնական Ազերի պլատֆորմի աղետալի վթարը:
BP ընկերությունը «հանցավոր գործարքի» մեջ է մտնում Vitol և Glencor ընկերությունների հետ ու 2004-05 թվականներից ձեռնամուխ է լինում հում նավթի միջազգային գների սպեկուլյատիվ բարձրացման գործընթացին: Դա BP և այլ խոշոր նավթարդյունաբերող ընկերությունների համար խոստումնալից հեռանկարներ բացեց ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այս տարածաշրջանից շատ ավելի հեռու, մոլորակի գրեթե բոլոր նավթաբեր անկյուններում` Մեքսիկական ծոցից մինչև Ալյասկա, Նիգեր գետի հովտից մինչև Ռուսաստան, Դարֆուրից մինչև Լիբիա: