Որտե՞ղ է հոգևոր սնունդը կամ քրիստոնեական կրթությունը: Դարեր շարունակ հայ ազգի պարծանքն է եղել այն, որ մենք՝ հայերս,  առաջինն ենք  ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Իսկ հիմա որքանո՞վ է այդ փաստը պարծանք, և թե ի՞նչ ենք անում այդ պարծանքը ամուր հիմքերում պահպանելու և շարունակելու համար: Ակնհայտ է քրիստոնեությունից շեղված  մարդկանց  խմբերի երևույթը, որը զբաղվում է  ակտիվ հակաքրիստոնեական  քարոզչությամբ: Այս ամենի դեմ պայքարել կարելի է, բայց միայն  քրիստոնեական  կրթություն  ստանալու դեպքում: Ցավոք, այդ կրթությունն է, որ բացակայում է մեր դպրոցներում: Հիմա կմտածեք` ինչպե՞ս թե բացակայում է, եթե դպրոցներում դասավանդվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան. ճիշտ է, բայց այն բավական չէ ավելի խորը քրիստոնեական կրթություն ստանալու համար, դրանում բացակայում է կարևորը՝ հոգևոր սննունդը: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան  շատ  հեշտությամբ  կարող է դասավանդել պատմության ցանկացած մասնագետ, որտեղ ներկայացվում է միայն «չոր ու ցամաք» պատմական դեմքեր ու դեպքեր, բայց պատմական տվյալները չէ, որ պետք է  լրացնեն մեր  հոգևոր  դատարկությունը: Պետք է հատուկ հոգևոր կրթություն և կարևորը, որ դասավանդվի հոգևորականների կողմից: Եվ միայն այս դեպքում, հոգևոր դաստիարակություն ստանալով, կարող ենք դեմ դուրս գալ ցանկացած աղանդավորական շեղումների դեմ, որոնք փորձում են իրենց քարոզչություններով շեղել մեզ մեր իրական և ճշմարիտ ճանապարհից. քրիստոնեության դեմ դուրս բերել, այն կրոնի, որի շնորհիվ կարողացել ենք անցնել դարերի միջով և մնալ Հայ, դառնալ Ազգ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել