2008թ.-ին թուրքական TRT6 հեռուստաալիքը թողարկեց նոր հեռուստանովել «AŞK - I MEMNU» վերնագրով, որը գրականորեն թարգմանվում է «Արգելված սեր»: Փորձենք հակիրճ ներկայացնել այդ սերիալի հիմնական սյուժեն:
Սիրելի կնոջ մահվանից հետո ֆիլմի հերոսը` Ադնանը, ով նաև արվեստագետ է, մեկուսանում է բարձրաշխարհիկ կյանքից` իրեն նվիրելով երկու զավակներին` դստերը` Նիհալին և որդուն` Բյուլենտին: Իր ընտանիքի հետ նա ապրում է ստամբուլյան իր առանձնատանը` կիսաֆրանսուհի դայակի և զարմիկի` Բեհլյուլի հետ: Սակայն նրա խաղաղ կյանքը մի վայրկյանում փոթորկում է երիտասարդ գեղեցկուհու` Բիհթերի հետ ծանոթությունը: Ադնանը սկսում է գիտակցել, որ երբեմնի պատանու նման մինչև ականջները սիրահարվել է երիտասարդ աղջկան:
Բիհթերի մայրը` Ֆիրդևսը, բարձրաշախարհիկ մի տիկին է, ով միշտ աղջկա հետ մրցակցում է` գրավելով դստեր շրջապատում գտնվող տղամարդկանց ուշադրությունը: Անգամ ամուսնու հանկարծահաս մահը չի սաստում նրան: Հոր մահվան մեջ Բիհթերը մորն է մեղադրում` հոգու խորքում ատելով նրան, չկարողանալով հարմարվել նրա նյութապաշտության ու հաշվենկատության հետ: Միայնության ճիրաններից ազատվելու համար Բիհթերը փրկություն է գտնում Ադնանի ընկերակցության մեջ: Նրա կողքին զգալով իրեն պաշտպանված` նա որոշում է նոր կյանք սկսել:
Սակայն աղջկա մայրը իր հերթին նկատում է, որ մեծահարուստ ու ներկայանալի Ադնանը բավական լավ թեկնածու է իր համար, և անցնում
է հարձակման` նրա սիրտը գրավելու համար: Մոր և աղջկա միջև պայքարը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև Ադնանը ամուսնության առաջարկ է անում երիտասարդ Բիհթերին` տապալելով նրա մոր ծրագրերը...
Ամուսնությունից հետո նրանք սկսում են ներդաշնակ ու սիրառատ կյանք Ադնանի առանձնատանը` երջանկությամբ ու փոխադարձ վստահությամբ լի, սակայն նրանց խաղաղ կյանքը հանկարծակի տակնուվրա է լինում, քանզի պատահում է անսպասելին...
Այս հեռուստանովելը մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում, այն թարգմանվեց և ցուցադրվեց նաև Ռուսաստանում: Իսկ 2013թ.-ին լատինամերիկյան սերիալներ արտադրող հայտնի «Telemundo»-ն սկսեց ֆիլմի ռիմեյքի աշխատանքները, որն անվանվեց «Արգելված կիրք/ Pasión Prohibida»:
Մենք այսքան մանրամասն չէինք անդրադառնա այս հեռուստասերիալին, եթե... Եթե օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնված «Կոտրված սրտեր» նոր սերիալը չունենար ակնհայտ նմանություններ վերոնշյալ ֆիլմի հետ: Ի տարբերություն «Շանթի» մեկ այլ՝ «Անծանոթը» սերիալի, որը, ինչպես գիտենք, նույնպես թուրքական սերիալի ռիմեյք է, և որտեղ ֆիլմը կրկնօրինակվել է կադր առ կադր, «Կոտրված սրտերի» դեպքում նման կրկնօրինակում չտեսանք (ուսումնասիրել ենք միայն առաջին սերիաները), սակայն սյուժետային նմանությունն անվիճելի է: Կարծում ենք՝ այն մարդիկ, ովքեր հետևում են այդ սերիալի զարգացումներին և ընթերցեցին թուրքական տարբերակի համառոտ նկարագրությունը, կհամաձայնեն մեզ հետ: Իսկ թե ինչո՞ւ է «Շանթը» լծվել թուրքական ֆիլմերի անորակ հայիֆիկացման աշխատանքներին, հարց է, որին, հուսանք, կլինի պատասխան: Ու էստեղ բնավ էլ խնդիրն այն չէ, որ չունենք համապատասխան սցենարիստներ, ովքեր կարող են որակյալ ֆիլմեր ստեղծել, վստահ ենք, որ նրանք կան, և այն էլ չէ, թե կրկնօրինակման թիրախը թուրքական է, ուզբեկական, թե կանադական: Կրկնօրինակելիս ցանկալի կլիներ գոնե պահպանել օրիգինալ ֆիլմի որակական հատկանիշները:
Հ.Գ. Մեր բլոգերներից մեկը, ով ներկա է եղել ֆիլմի առաջին սերիայի նկարահանումներին, կիսվեց մեզ հետ, որ հերթական անհաջող ֆիլմն է նկարահանվում, և անգամ գլխավոր հերոսների փայլուն դերասանական խաղն ի զորու չէ կոծկել այն թերացումները, որ կան ֆիլմի աշխատանքների ընթացքում:
Հ.Հ.Գ. Համեմատելու համար ստորև ներկայացնում ենք երկու ֆիլմերի հղումները:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2013/03/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել