Ադրբեջանում ու Հարավային Կովկաս-Կասպիական տարածաշրջանում ավարտին է մոտենում Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտի «մեծ նավթի» փուլը: Հետևաբար ավարտվում է նաև Հյուսիսային Կասպիցի սահմանազատմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական այն կոնստրուկտը, որը ձևավորվել էր այստեղ դեռ ԽՍՀՄ փլուզման նախօրեին և 1990-ականների սկզբին: Առջևում «գազի դարաշրջանն» է: Այն պայմանավորված կլինի այժմ արդեն Հարավային Կասպիցի սահմանազատման գործընթացներով, տրանսկասպյան գազային և այլ ենթակառուցվածքային ծրագրերի մշակումով, դրանց իրականացմանը ՌԴ, Իրանի, Թուրքմենստանի և Ֆրանսիայի մասնակցության աստիճանով՝ ի համալրումն կամ ի հակակշիռ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի ծավալուն ներգրավվածության:
British Petroleum ընկերության «փաթեթային առաջարկի» տրամաբանությանն Ադրբեջանն ակտիվորեն փորձում էր հակազդել մինչև 2008թ. օգոստոսը: Վրաց-օսական հակամարտության հետևանքներով ՌԴ-ի կողմից Հրվ. Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումով, հայ-թուրքական մերձեցման գործընթացի առաջին փուլի մեկնարկով այս հակազդեցությունը սրընթաց թուլացավ և ավարտվեց լիակատար կապիտուլյացիայով: Ադրբեջանն ընդունեց 2007թ. BP ընկերության փաթեթային առաջարկի բոլոր հիմնական դրույթները: Այս կապակցությամբ ի հայտ են գալիս մի քանի ուշագրավ հանգամանքներ:
2009թ. մայիսին կտրուկ սրվեց իրադրությունն Ադրբեջանում. Բաքվում արձանագրվեցին ահաբեկչական պայթյուններ և զանգվածային բռնության դեպքեր: Պարբերաբար խանգարվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բնականոն շահագործումը, իսկ ամսվա վերջին նավթամուղն ընդհանրապես կանգ առավ: Օրական մոտ 1 մլն բարել նավթի պակասին միջազգային շուկան անմիջապես արձագանքեց նավթի գնի 12% ակնթարթային թռիչքով: Հունիսի սկզբներին խանգարվեց փխրուն հավասարակշռությունը Նիգեր գ. հովտում, ուր նորից գլուխ էին բարձրացրել ապստամբները: Արդյունքում՝ նորից խանգարվեց Նիգերիայից նավթի արտահանումը, ինչը շուկայում լրացուցիչ մտահոգություններ ստեղծեց: Այս ամենին հետևեց Իրանի հայտարարությունը նավթի արտահանումն օրական 350 հազ. բարելով կրճատելու մասին: Հուլիսին հում նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմեց $145: Երբ օգոստոսի սկզբին Վենեսուելան հայտարարեց, որ միանում է Իրանի պատժամիջոցներին՝ իր նավթային արտահանումների ծավալներում մտցնելով համապատասխան կրճատումներ, նավթի գինը հասավ աներևակայելի մակարդակի` $160 մեկ բարելի դիմաց: Ամառվա ավարտին ողջ Արևմուտքը և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, կանգնեցին էներգետիկ մղձավանջի առջև: Սա մեջբերում է միանգամայն իրական, նույնիսկ պաշտոնական փաստաթղթից` 2007թ. նոյեմբերի 7-ին կայացած ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին գլխավոր հրամանատար, ծովակալ Դ.Բլեյերի ելույթից:
Այլ խոսքով՝ աշխարհի տնտեսաքաղաքական դինամիկ համակարգը մոտեցել է իր կայունության սահմանին: Եվ այստեղ բավական է այս համակարգի կրիտիկական մի որևէ բնութագրիչի նույնիսկ փոքր փոփոխություն, արտաքին մի փոքր միջամտություն, և համակարգը կարող է կորցնել իր (դինամիկ) կայունությունն ու ընկղմվել անցողիկ պրոցեսների մեջ: