Մայիսի 16-ի երեկոյից սկսած՝ հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։
Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտարարել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Առաջնագծում հայկական «մարտական» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին սա առաջին հիշատակումն է ադրբեջանական կողմից։
Պաշտպանության բանակի կայքի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է մոտ 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):