Գարնանը Երևանի փողոցները աղտոտող ծառատեսակների չեք հանդիպի այնտեղ. դա էլ են խելացի ու մտածված կատարել: Դե ֆունիկլյորի բարձունքին հարող զբոսայգին՝ իր գրեթե կուսական հաստաբուն ծառատեսակներով, չի դարձել գեներալների, զանազան ռանգի ու ճաշակի պաշտոնյաների շքեղ, բայց հիմնականում նաև անճաշակ, արաբա-թուրքական ոճի առանձնատների կառուցման վայր: Պատճառը գուցե այն է, որ այնտեղ մեկ շնչին ընկնող գեներալների թվաքանա՞կն է քիչ և պաշտոնյաննե՞րն են վախկոտ կամ քիչ աներես ու ագահ...
Ինչևէ, Հին Թբիլիսին չի ավերվել, գերակա շահ չի ճանաչվել, չեն քանդվել և դրանց փոխարեն հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ ու տգեղ բարձրահարկեր չեն կառուցվել: Այնտեղ չես հանդիպի կամ քիչ են աղավաղված, «շուշաբանդված», «մասանդրակոծված», կցոնավորված, տձև ու այլանդակված շենքերը:
Խնամք կա, կանոնակարգված, սրտացավ ու խելացի մոտեցում և սեր հարազատ քաղաքի՝ իրենց մայրաքաղաքի հանդեպ: Արևածաղիկ չրթող, փողոցները, հանրային վայրերը աղտոտողներն են քիչ՝ չնայած զբոսաշրջիկների մեծաքանակությանը… Ավտոմեքենաներից աղբ, ծխախոտի տուփեր ու մնացուկներ չեն շպրտում, չեն աղտոտում իրենց քաղաքը:
Գերբարձրակրունկ, գերկարճափեշ, գերնկարազարդված, բազմաշերտ ու բազմագույն դիմահարդարմամբ, ուռած սիլիկոնային շրթունքներով, զռռացող, աչք ծակող, կանչող զգեստով աղջիկներ ու կանայք գրեթե չկան: Հա՛, մեկին տեսա մի անգամ, այն էլ հայ էր, բարձրակրունկ կոշիկներով զբոսնում էր Հին Թիֆլիսում՝ Մանթաշովի շարքերով… Իսկ թբիլիսցիներն առհասարակ հագնվում են թեթև, սպորտային, պարզ, աշխատանքային, առօրյա, բայց ճաշակով… Հետաքրքիր է, որ արտասահմանցիները՝ զբոսաշրջիկ, թե այնտեղ բնակվող, բացահայտ չէին առանձնանում, տարբերվում, տարալուծվել էին թբիլիսցիներին…
Մուննաթ, քիթը ծռած, դժգոհ դեմքերով զբոսաշրջիկներ էլ կային, հիմնականում Սայաթ Նովայի հուշարձանի մոտ՝ անմիջապես առանձնանում էին, դրանք մեր հայկական խմբերն էին…
Լավ, օբյեկտիվ լինեմ, վատն էլ եմ տեսել՝ հարբածները, օրորվողներն էին շատ…
Իսկ մենք շատ բան ունենք մտածելու, հետևություններ անելու, մտահոգվելու… Բոլորս պետք է տեր լինենք մեր Երևանին, բոլորս… Եվ ոչ միայն Երևանին… Լինենք սրտացավ, հոգատար, պահանջատեր ու հետևողական…
Հ.Գ. Մի տխուր փաստ էլ հիշեցի…
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, ասում են, անմխիթար վիճակում է, և հնարավոր է՝ փակվի: Իսկ բաղնիքների թաղամասի՝ մզկիթից ներքև գտնվող, Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնը վերանորոգված է, գործում է և գտնվում է ադրբեջանցիների հոգածության և ուշադրության կենտրոնում…
Ուզում էի շարունակել գրել, բայց խիստ էր ստացվում… Ավելի լավ է՝ մեկնաբանություններ չանեմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1034837403313577?notif_t=close_friend_activity¬if_id=1494915685256908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել