Հայաստանում հազիվ թե գտնվի մեկը, որը չի տեսել Մատենադարանի առջև խոյացող Մաշտոց-Կորյուն հուշարձանը. դա կարծես Մատենադարանի խորհրդանիշն է: Կամ էլ Մխիթար Գոշը, Ալեքսանդր Սպենդիարյանը` Օպերայի դիմաց, Թումանյանի դիմաքանդակը՝ իր տուն-թանգարանի մուտքին, Դսեղում կանգնեցված Թումանյանի հուշարձանը, Չարենցի կիսանդրին… Դրանք ազգային, ժողովրդական արժեքներ են: Իսկ քանի՞սը գիտեն այդ արժեքները ստեղծողի անունը:

Ղուկաս Չուբարյան՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր: Արժեքավոր մոնումենտալ քանդակներ, դիմաքանդակներ ստեղծած արվեստագետի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում, Ռուսական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, ՌԴ ցուցահանդեսային ֆոնդում և մասնավոր հավաքածուներում: Նա իսկական դասական է:

Ծնվել է 1923 թ. Երևանում և մինչև կյանքի վերջը՝ 2009 թ., ապրել Նալբանդյան փողոցում գտնվող այն տանը, որը 1921 թ. կառուցել էր հայրը՝ նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանը:

Այդ հին երևանյան բարձրաշխարհիկ կոլորիտով հագեցած տանն այժմ ապրում են նրա կինը, դուստրն ու թոռնուհին: «Քաղաքում մի բուռ ինտելիգենցիա էր, բոլորն իրար ճանաչում էին, մտերիմ էին: Տատս պապիս ասել էր, որ Թամանյանին դիմի առանձնատան ճարտարապետության համար, սակայն պապս բարկացել էր՝ ասելով, որ այդ մարդը զբաղված է, ժամանակ չունի: Թամանյանի խորհրդով դիմել էին երիտասարդ ճարտարապետ Մարկ Գրիգորյանին, որն էլ նախագծել էր շենքը: Դա նրա առաջին նախագիծն էր»,- պատմում է դուստրը՝ նկարչուհի Անուշ Չուբարյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին այս տուն են այցելել պապի ընկերները՝ Թամանյանը, Սարյանը, Աճառյանը և ուիշ մեծեր, ու իր հոր` Ղուկասի ողջ գաղափարական դաստիարակությունն անցել է այդ միջավայրում: Իսկ երբ արդեն Ղուկասն էլ անվանի քանդակագործ էր, այդ տանն էին հավաքվում նրա ժամանակների հայտնիները:

Պատմական այս տունը, սակայն, դեռևս մի քանի տարի  առաջ ոչնչացման վտանգի առջև էր: Մեկ անգամ չէ, որ Չուբարյանների սեփականության հանդեպ ոտնձգություններ են արվել, և նրանց պապական հողատարածքը կրճատվել է: Վերջերս Չուբարյանի արվեստանոցի և այգու մի մասը զավթվեց՝ հանուն հերթական էլիտար շենքի կառուցման:  «Մշակույթի նախարարությունը խոստացավ 160 քմ-ը վերադարձնել, սակայն այդպես էլ չվերադարձրին»,- ասում է դուստրը:

Ինչո՞ւ այս տխուր միջադեպը նշեցինք. բանն այն է, որ անհնարին է խոսել մեծանուն մարդկանց գործունեության մասին և չտեսնելու տալ ներկայիս դառը իրողությունը. այո, նրանք ըստ արժանվույն գնահատված չեն, ոչ միայն գնահատված չեն, այլև ընդհանրապես անտեսված են: «Երբ հայրս մահացավ, մեր լրատվամիջոցներն անգամ հարկ չհամարեցին հաղորդել նրա մահվան բոթը: Հաղորդեցին միայն այն ժամանակ, երբ ռուսական հայտնի լրատվամիջոցները՝ «Կուլտուրան», «Վեստին», հաղորդեցին»,- ասում է դուստրը:

Փաստորեն, անվանի քանդակագործի վաստակն առավել բարձր են գնահատում հարևան ռուսները, քան իր հայրենիքում:

«Ինչպես գիտեք, ամուսինս ԽՍՀՄ ակադեմիայի անդամ էր, և Սովետի փլուզումից հետո ԽՍՀՄ ակադեմիկոսները ավտոմատ դարձան իրենց անկախացած պետությունների ակադեմիկոսներ: Դա քննարկման հարց չէր: Չգիտես ինչու, մեզ մոտ այդպես չեղավ: Ղուկասին ասացին, թե նա դեռ պետք է ապացուցի իր ավանդը հայ մշակույթում, որ դառնա մեր ակադեմիայի անդամ»,- ասում է կինը` տիկին Սիլվան:

Փոխարենը` ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն էր նրան առաջարկում դառնալ իր ակադեմիայի անդամ, ստանալ ՌԴ քաղաքացիություն: Ո՛չ, նրա համար Հայաստանի քաղաքացի լինելը սկզբունքային հարց էր:

Սակայն ամենասարսափելին մի քանի տարի առաջ հայտնաբերած փաստն էր. Ղուկաս Չուբարյանի սակավաթիվ աշխատանքները` 19 գործ, որոնք գրանցված էին Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, գոյություն չունեին. «Ոչ մի աշխատանք չէր պահպանվել, թալանված էին, ջարդված ու վերացված»,- ասում է դուստրը՝ նշելով, որ դա միայն իր հոր գործերին չի վերաբերում, այլ նաև այլ հայտնի արվեստագետների:

Պարզվում է՝ մի քանի աշխատանք դուրս էր տարվել արտերկիր ցուցահանդեսի, բայց այդպես էլ հետ չէր վերադարձվել, մի մասն ընդհանրապես գոյություն չուներ, մի մասն էլ վնասված էր:

Պահպանվել են Չուբարյանի այն գործերը, որոնք գտնվում են Հայաստանի պատկերասրահում, և իհարկե մոնումենտալ հուշարձանները: «Մինչդեռ այն աշխատանքները, որոնք Ռուսաստանում են, խնամքով պահպանված են և երբեմն-երբեմն ցուցադրության են դրվում,- ասում է դուստրը,- ի դեպ, հորս աշխատանքների մեծ մասը Ռուսաստանում է, քանի որ հիմնական պատվերները նա այնտեղից էր ստանում»:

Ի՞նչ է պարզաբանել մշակույթի նախարարությունը քանդակագործի ընտանիքին. պահոցները 2 անգամ թալանվել են: Եվ ո՞վ է դրա համար պատասանատու. ո՛չ ոք:

Հետո պարզել են, որ քրեական գործ է հարուցվել, բայց կարճվել է բավարար հանգամանքներ ի հայտ չգալու հետևանքով: Իսկ այն պահոցները, որտեղ այդ ամենը պահվում է, ըստ Անուշ Չուբարյանի, սարսափելի վիճակում են. «Անգամ շանն այնտեղ հնարավոր չէ պահել,  ոտքով խփելով կարող ես դուռը բացել, էլ չեմ ասում խոնավության մասին: Այդ պայմաններում պահվում են նաև գեղանկարչական  ու գրաֆիկական գործեր: Հենց միայն դրա համար կարելի է մշակույթի նախարարությանը դատի տալ: Դա Հայաստանի ունեցվածքն է, 60 տարվա ստեղծագործող սերնդի գանձարանը»:

Անցնեք մյուս ցավալի փաստերին.կնոջ խոսքով` Մատենադարանի Մաշտոց-Կորյունի հուշարձանը վնասված է. «Կորյունի քիթը մի քանի տարի առաջ կոտրվել էր, ցեմենտով լղոզել-թողել են, իբր սարքել են: Մատենադարանը վերանորոգեցին, և մեկը չասաց՝ լավ, մտնում ենք Մատենադարան, առաջին բանը, որ տեսնում ենք, Մաշտոցն ու Կորյունն են, մի վարպետի պատվիրենք, թող նորմալ վերանորոգեն»:

Դուստրն էլ պատմում է, որ հոր մահվանից երկու տարի անց, երբ գնացել էր Մատենադարան` որոշ լուսանկարներ վերցնելու, փոխտնօրենն ասել է. «Հորդ վրա մուննաթ ունեմ, չի գալիս, չի երևում, Կորյունի քիթը չի սարքում»: «Ասացի՝ գիտե՞ք, հայրս արդեն երկու տարի է մահացել է…»:

Քանդակագործի դստերը ցավ է պատճառում ոչ միայն իր հոր և նրա սեփականության հանդեպ եղած վերաբերմունքը, այլև ընդհանրապես հայ մշակույթի ներկա իրավիճակը: «Հայաստանի ողջ օրգանիզմն ախտահարված է, մետաստազները տարածված են բոլոր հանգույցներում, այդ թվում նաև մշակութային, ուստի պետք է ռադիկալ միջոցներ ձեռնարկել. փինելով այլևս հնարավոր չէ հարցեր լուծել»:

Անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, որի համար Ղուկաս Չուբարյանն անգնահատելի մեծություն է, ասում է.«Ցանկացած երկիր, որ ունենար էսպիսի քանդակագործ, կդներ նրան ամենաբարձր պատվանդանի վրա: Ցավոք, մեզ մոտ այդ գնահատանքը չկա: Քանդակագործության մեջ նա հայերեն էլեմենտ մտցրեց, որն այսօր ունի իր շարունակողները: Մի քիչ դժվար է դա բառերով բացատրել, բայց նրա արած գործերը շատ հայերեն են»,- ասում է նա:

Հիշում է` մի անգամ միասին Մոսկվայում էին, Ակադեմիայում պետք է ցուցահանդես լիներ, բոլորը մեծ ակնածանքով մոտենում էին Չուբարյանին, ասում, որ անհամբերությամբ սպասում են, թե այս անգամ ինչ գործ է ցուցադրելու. «Մեծ հպարտություն է, որ քո հայրենակցին այդքան բարձր են գնահատում օտարազգի մեծ վարպետները: Նման մարդու մասին պետք է շատ խոսել, որպեսզի նրա վաստակը գնահատվի, տարածվի, նման մարդիկ քիչ են»:

Անուշ Չուբարյանն ուզում է իրենց պատմական տունը մշակութային կենտրոն դարձնել, ստեղծել հիմնադրամ երիտասարդ ստեղծագործողների համար, սակայն միջոցներ չունի, իսկ պետությանը դա պարզապես պետք չէ, այսինքն` գուցե պետք է, բայց ոչ այդ նպատակով. կան ավելի նոր` «էլիտար» նպատակներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել