Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Այդ մասին Trend-ին հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից։
«2017թ.-ին Ադրբեջանի տարածքով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով, տեղափոխվել է 90.000 տոննա նավթ»,- նշել են նախարարությունում։
Ղազախստանն այդ խողովակաշարով նավթ չի արտահանել՝ սկսած 2015թ.-ից։
Ռազմավարական երկու կարևոր նախագծերի` ղազախական Նուրլը ժոլի և Տնտեսական Մետաքսի ճանապարհի կարևոր հատման կետը` տարանցիկ-տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն է։ Շահագործման է հանձնվել Կուրիկ նավահանգստում նոր լաստանավային համալիրը, որը նախատեսված է նավթամթերքներ, ցորեն տեղափոխելու համար կասպյան երկրներ։ Բացի այդ՝ երեք տերմինալ է բացվել Աքթաու նավահանգստում։ Վերոնշյալը Ղազախստանին հնարավորություն է տալիս ավելացնելու իր տրանսպորտային հոսքերն ու զարգացնել իր տարանցիկ ներուժը։ Այժմ Աստանան կարող է ապրանքներ արտահանել ոչ միայն ՌԴ-ի տարածքով, այլ նաև Տրանսկասպյան միջանցքի, որը ներառում է Աքթաու նավահանգիստը, Բաքվի նավահանգիստը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ու Վրաստանի ու Թուրքիայի տարածքները։
Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանի դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան։
Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություններ, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով` մոտ 60։
Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում: Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:
Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան:
Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկրներ Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա, թուրքական ապրանքները, այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում:
Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկիր. Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:
Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրերն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելումն Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:
Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից՝ եղբայրական (կրոնի ու ծագման առումով) Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում, լինելով Կասպյան երկիր, իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝ տարանցման համար ստանալով տնտեսական օգուտներ, դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը:
Բացի այդ՝ Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ: Նախատեսվում է Կուրիկում Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն՝ տարեկան չորս միլիոն տոննա բեռ:
Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում. Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի: Իր հերթին Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից:
Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքների, մասնավորապես՝ մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ Աստանան ու Բաքուն ամրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին: