Լուսանկարում երիտասարդ Սեյրան Օհանյանն է ու Դեդը՝ գեներալ-լեյտենանտ Քրիստաֆոր Իվանյանը, ով, իմ խորին համոզմամբ, հայկական բանակի կառուցման հարցում մեծագույն, եթե ոչ ամենամեծ ավանդն ունեցած անհատն է իրականում։ Իվանյանը միացավ Արցախյան շարժմանը, երբ արդեն զառամյալ ծերունի էր՝ 72 տարեկանում։ Սակայն այս ծերուկի մեջ այնպիսի վիթխարի ուժ ու էներգիա կար, որ դեռ իր կյանքի օրոք նա արդեն կենդանի լեգենդ էր ու մեծագույն հեղինակություն էր վայելում Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ։ Ու այս ամենից զատ՝ այս մարդն իր մեջ մարմնավորում էր մեր պատմության խորհրդային անցյալն ու նորանկախ ներկան, որովհետև բացի նրանից, որ Իվանյանը Պաշտպանության բանակի ճարտարապետն էր, բացի նրանից, որ դեռ Խորհրդային բանակի իսկական գեներալ էր, նա նաև Հայրենական պատերազմի վետերան էր․․․
Կարելի է երկար դատարկախոսել կամ էլ փաստարկված բանավիճել պատմության տարբեր դրվագների շուրջ, բայց կարելի է նաև տեսնել այդ պատմական դրվագների միահյուսման առարկայական օրինակներ։ Այնպես որ, երբ պատրաստվում եք հերթական հիմարությունը ասել ու մրոտել մեր անցյալը, պատկերացրե՛ք, որ դա ասում եք այս մարդու առջև, ով հաստատ յուրաքանչյուրիցս շատ ավելի մեծ ավանդ ունի անկախության պահպանման ու մեր պատմական առաքելության հարատևության հարցում և ով հաստատ կվիրավորվեր, եթե պարզեր, որ իր համար Հայրենական եղած պատերազմը անսասելիորեն անիմաստ էր ու ուրիշի կռիվ՝ նոր սերունդների որոշ հատվածի աչքերում։
Շնորհավոր Մայիսի 9-ը՝ իր բոլոր պատմական փուլերով։ Շնորհակալություն Քրիստափոր Իվանյանին ու բոլոր վետերաններին՝ Հայրենականի, Աֆղանականի, Արցախյանի և Ապրիլյանի, որ զենքով ու արյունով հայրենիք են պաշտպանել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211642718519589&set=a.1381606256268.2055910.1115303076&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել