Հայ-ռուսական միացյալ զինվորական գունդը ռազմական գործողությունների ժամանակ գործելու է հայկական զորքերի հրամանատարության ներքո։ Այս մասին երեկ հայտարարել է այդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Այս հարցը բավականին երկար ժամանակ անհանգստացնում է ոչ միայն լրատվամիջոցներին, այլև հայ հանրությանը, հատկապես Ապրիլյան պատերազմի ավարտից հետո, երբ Ռուսաստանը, հանդիսանալով Հայաստանի ռամական դաշնակից, բավականին, մեղմ ասած, իներտ դրսևորում ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ։ Եվ ուրեմն՝ արձանագրենք, որ անկախ մեր ունեցած վերաբերմուքից՝ հայ-ռուսական զորամիավորման առիթով ամենաբարձր մակարդակով հայտարարություն է արվում։ Ընդ որում՝ Մակարյանը հայտարարեց նաև, որ խոսքը գնում է տարածաշրջանում Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում այդ զորքի գործողությունների մասին։ Այսինքն, եթե Հայաստանին վտանգ սպառնա նաև Թուրքիայից, ապա անհրաժեշտության պարագայում զորամիավորումը դիմագրավելու է նաև այդ մարտահրավերին։ Զորամիավորումը ստեղծվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ու հայկական ստորաբաժանումների հիման վրա։ Մարտական գործողությունների ժամանակ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներն իրենք են որոշելու գործողությունների օրակարգն ու հիմնական ուղղությունները, սակայն Մակարյանը վստահեցրեց, որ երկու երկրների նախագահների ստորագրությամբ հայ-ռուսական միացյալ զոքրը մասնակցելու է հենց Հայաստանին սպառնացող վտանգների դիմագրավման գործում։ Անշուշտ, ռուսներն ազատ են իրենց որոշումներում, ու դա չի նշանակում, որ ռուսական ռազմաբազան չի կարող այլ մարտական գործողությունների ևս մասնակցել, օրինակ՝ մի ուրիշ երկրում, որտեղ Ռուսաստանը ռազմական գործողությունների է մասնակցում, օրինակ` Սիրիայում կամ Ուկրաինայում։ Ի դեպ` դա վերաբերում է միայն ռուսական կողմին, իսկ միացյալ խմբավորումը գործելու է միայն Հայաստանին անմիջական վտանգի սպառնալիքի դեպքում։ Մակարյանը նաև վստահություն հայտնեց, որ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը Հայաստանին կարող է էական դիվիդենտներ բերել, քանի որ վերջինս փորձառու սպա է ու մեծ հեղինակություն ունի մասնավորպաես ԱՊՀ-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: