Մինչ լրատվականներն, ինտրիգի հոտն առած, փորձում էին տարբեր տեսանկյուններից ներկայացնել «Ծառուկյան» դաշինքի շուրջ առաջացած թյուրիմացությունը՝ կապելով այն տարբեր անունների հետ, գործող իշխանություններն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, նույն այդ ժամանակահատվածում ավելի ակտիվ կերպով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, օգտագործելով նույն հանրային հարթակները, իրազեկեցին, որ իրենք ոչ միայն կապ չունեն այդ ամենի հետ, դեռ մի բան էլ իշխանական օրաթերթերից մեկը գրեց, որ անձամբ Սերժ Սարգսյանը, զանգահարելով Ծառուկյանին, իր օգնությունն է առաջարկել նրան և ասել, որ տվյալ «օպերացիան» կազմակերպած անձը նաև իր թշնամին է:
Ինչևէ, կազմակերպիչների օղակն այնքան էլ մեծ չէ, ինչը էլ ավելի դյուրին է դարձնում՝ ո՞ւմ էր իրականում սա ձեռնտու:
Այս ամենի մեջ անհասկանալի է մնում ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած անձանց ֆակտորը: Հասկանալի է, որ այն անձը, ով կազմակերպել է, կամ ինչպես նորընտիր պատգամավորներից մեկն էր ասել, «հուշել է, որ նման բան անեն», ինչ-ինչ երաշխիքների պարագայում է կարողացել իրականացնել այս ամենը: Բայց ընդամենը երկու օր անց, երբ այդ թեկնածուներից ոմանք իրար հերթ չտալով հանդես են գալիս մեղայական հարցազրույցներով, հասկանում ես, որ այդ երաշխիքները սին են եղել և անպտուղ:
Ինչ խոսք, ոչ նախանձելի իրավիճակում են հայտնվել վերջիններս, քանզի պահի ազդեցության տակ ընկնելով՝ կորցրեցին վստահությունն ու իրենց տղամարդկային արժանապատվությունը, որը հազար մանդատ արժի:
Ինչ վերաբերում է կեղծ ստորագրություններին, կասկածից վեր է, որ այդ դիմումների տակ ստորագրել են վերոնշյալ անձին,ք և որ իրենք հստակ իմացել են, թե ինչ են ստորագրում, քանզի քաղաքական պայմանավորվածության խախտման դեպքում միայն այդ դիմումը պետք է ուժի մեջ մտներ, ինչն այս տեսանկյունից միանգամայն արդարացի կլինի յուրաքանչյուրի նկատմամբ:
Սրա մասին են փաստում իրար հաջորդող այն հայտարարությունները, որով ասվում է, թե յուրաքանչյուր պահի պատրաստ են վայր դնել մանդատը, եթե դա ցանկանա դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քանի որ այն, ինչ ձեռք է բերվել այս քաղաքական պայքարի շրջանակներում և դրանից դուրս՝ որոշ վերապահումներով, Գագիկ Ծառուկյանի անմիջական ներգրավածության արդյունքն է: Ծառուկյանն այն մարդն է, ով, ինչպես միշտ, այս անգամ ևս մնաց իր բարձունքում՝ թույլ չտալով անարդարություն, յուրաքանչյուրին գնահատելով իր արած գործով, վերահաստատելով իր ուժն ու կշիռը:
Այս պարագայում միանգամայն հասկանալի է, որ ճիշտ ուղի վերադարձածները հենց իրենք շահագրգռված են ամեն ինչ վերջնականորեն պարզելու, ընդհուպ հրահրողի անուններ հրապարակել:
Անկասկած, քաղաքական դաշտը նման «աղվեսներից» զտելու գործընթացը բոլորին է ձեռնտու, քանի որ այսօր դրանց թիրախում «Ծառուկյան» դաշինքն էր, վաղը կարող է այլ քաղաքական ուժ հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել