Այս տեսանյութով մեկնաբանում եմ հայկական մերօրյա գամփռի ողջ էությունն ու ողբերգական կյանքը, շատ կուզեի՝ բոլոր կուսակցությունների երիտթևի զազրախոս ակտիվիստները կարդային և հետևություններ անեին, գոնե մի պահ, շատերը թող տեսնեն իրենց այս մեկնաբանության մեջ:
Սա քո կյանքն է մեր երիտ գամփռ, ինչի՞ երիտ, քանի որ երբ մեծանաս ու թուլանաս, երբեք քո նորօրյա տերերը հաշվի չեն առնելու քո հավատարմությունը, նվիրվածությունը, քեզ ուղղակի շպրտելու են դուրս ու բերելու են ավելի երիտասարդին ու ուժեղին: Ժամանակին դու այսպիսին չէիր, դու ազատ էիր, դու նախատեսված էիր քո ցեղակիցների և հովվի հետ պահելու հոտը, ձեզ սիրում էր ամբողջ գյուղը, քանի որ դուք էիք հույսը, դուք էիք պահում ձեր գառներին, դուք էիք սարերի տերը և գայլերի սարսափը: Իսկ հիմա. չկա ձեր հոտը, դուք ունեք նոր տերեր, որոնք ձեզ կապել են ամուր շղթաներով կամ գցել վանդակի մեջ և ձեզ առատ կերակրում են, չեն կերակրում շնասիրությունից դրդված, կերակրում են, որ պահեք իրենց հարստությունը, որ ուրախացնեք իրենց, որ քեզ հանեն քո ցեղակիցների դեմ, դուք կռվեք և իրենք խաղադրույք կատարեն ձեզ վրա: Ժամանակին երբ քո ցեղակիցների հետ մեջք մեջքի տված պահում էիք ձեր հայրենի սարերը, հիմա դուրս եք եկել իրար դեմ, իրար եք խեղդում, գնում զոհողության, որ հաճոյանաք ձեր տերերին, նույնիսկ կռվում եք, խեղդում եք ձեր հարազատներին, եղբայրներին, միայն թե մի երկու կտոր միս ավել ստանաք և ցույց տաք, ապացուցեք ձեր չեղած հավատարմությունը: Կողքից ձեզ «դուխ» են տալիս ձեր կերակրողները, տեսեք, թե ձեր կռվելու ժամանակ ոնց են կանգնել ձեր կողքին, քաջալերում են, բայց երբեք չեն խառնվում, իսկ իսկական տերերին դուք չեք էլ տեսնում, նրանք հեռու նստած ուղղակի զվարճանում են: Կռվից հետո ձեզ թուլացած ու արնաշաղախ կբերեն, կկապեն ձեզ իրենց դղյակներում, որ առանց հասկանալու հաչեք բոլորի վրա, արժանավորից սկսած մինչև անարժան, հանկարծ մեկը ներս չսողոսկի քո տիրոջ կալվածքները, դու առանց հասկանալ հաչում ես Վարդանի վրա, ով միշտ բոլորին զգուշացնում էր թշնամու մուտքը ձեր սարեր, հաչում ես Խմող Ռուբիկի վրա, որի երգերով ոգևորված՝ հովվի հետ ձեր եղբայրները պահում էին սարերը, հարևանի շունը հաչում է Շուշանի վրա, կարծես Շուշանն է մեղավոր, որ քո տերը խլել է նրա տիրոջից կալվածքը, գյուղի եզակի ազնիվ քահանայի վրա: Ձեր գյուղում շատերը ձեզանից վախենում են, շատերը զզվում են, բայց դա ձեզ չի հետաքրքրում, քանի որ դուք սովոր եք լինել ստրուկի, անդեմի, միայն հաչացողի կերպարի մեջ, ձեզ հետաքրքիր է միայն հաճոյանալ, ծառայել ձեր տերերին, արժանանալ նրանց արհամարհական հայացքին և շպրտվող մի կտոր մսին: Երբ նրանց հանեն, հեռացնեն իրենց կալվածքներից, դուք չեք էլ մտածելու, որ դուք տիրանաք ու սկսելու եք նորից տեր փնտրել ձեզ, սովորել եք ստրկության, ձեր գյուղում չգտնեք տեր, հեռավոր գյուղերից կճարեք ու կհպատակվեք: Բայց նաև կան ձեզ խղճացողներ, որոնք փորձում են ձեզ ազատել ստրկությունից, բայց ձեզ ձեր ոսկե շղթայից ազատող ցանկացած ձեռք կծելու եք ու այդ նույն դնչով լիզելու եք ձեզ քացով խփող տերերի կոշիկները: Շատ կուզեի ձեզ տեսնել թեկուզ մի քիչ սոված, բայց ազատության մեջ, ձեր հոտի հետ, դուք դրա համար եք ստեղծվել և 5000 տարի գոյատևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել