Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Սալմանը հերքել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Թեհրանը մինչ այդ առաջարկել էր Էռ-Ռիյադին կարգավորել հարաբերությունները Եմենի ռմբակոծությունների դադարեցման պայմանով, փոխանցում է Financial Tribune-ը։
Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններն անհնար են, քանի որ Թեհրանի նպատակն է մահմեդական աշխարհի նկատմամբ վերահսկողություն հաստատելը։
ԱՄՆ-ի նոր վարչակազմի` Թրամփի հակաիրանականությունն ավելի ագրեսիվ են դարձրել Իրանի տարածաշրջանային հակառակորդներին` Իսրայելին, որը շարունակում է Սիրիայում հարվածել Հզբոլահին ու թույլ չի տալիս իրանական ներկայությունն ամրապնդվի Սիրիայի ծովում և ցամաքում` ռազմաբազաների տեսքով, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, որը շարունակում է ճնշել սեփական երկրի արևելքում կոմպակտ բնակվող շիաներին ու «արաբական ՆԱՏՕ»-ի` Ծոցի իր դաշնակիցների աջակցությամբ հարվածներ է հասնում իրանամետ հոուսիտներին Եմենում` proxy war մղելով Իրանի հետ այդ երկրի ու ընդհանրապես Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում։
Սաուդյան Արաբիան ու Իսրայելը, ունենալով զգալի ռազմական ներուժ, հենվում են նաև ԱՄՆ-ի աջակցության վրա, որը կանգնած է այդ երկրների թիկունքում ու պատրաստ է Իրանի հարվածների դեպքում ստանձնել նրանց անվտանգության երաշխավորի դերը։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ն Ծոցի երկրներում կենտրոնացրել է զգալի ռազմական ներուժ` ստեղծել «Ծոցի ՆԱՏՕ»-ն՝ ի դեմս արաբական միապետությունների։
Պարսից ծոցում ԱՄՆ-ն կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես՝ Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ն 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ:
Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:
Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Արաբական աշխարհի մի շարք երկրներ վերջերս կրկին մեղադրում են Իրանին «շիայական կիսալուսին» կամ շիական երկրների առանցք ձևավորելու մեջ` մոռանալով, որ Իրանը տասնամյակներ շարունակ, այժմ էլ մեծամասամբ շրջապատված է ԱՄՆ-ի դաշնակիցներով կամ սատելիտ-երկրներով, որոնք մեծամասամբ ունեն հակաիրանական ուղենիշներ։ Իրաքում, Աֆղանստանում տասնամյակներով գտնվում էին ամերիկյան ուժերը, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու Իրանի դարավոր հակառակորդը տարածաշրջանում, Ադրբեջանը գտնվում է Անկարայի արտաքին քաղաքականության ուղեծրում, Ծոցի երկրներում տեղակայված են ամերիկյան զորքերն ու նավատորմը, Պակիստանն էլ միշտ համարվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։
Ինչ վերաբերվում է Կենտրոնական Ասիային, ապա այնտեղ նույնպես ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են ամրապնվելու քաղաքականությունը։ Իրանն այս պարագայում հենվում է շիայական աշխարհի վրա ու փորձում բալանսավորել իր վրա միակողմանի ճնշումները։